research
  • 14 Փետ
  • 2022

ՀՌՀ-ում ստեղծվել է «Կիսահաղորդիչների ֆիզիկա» մասնագիտությամբ ֆիզիկայի մասնագիտական խորհուրդ

    «Կիսահաղորդիչների ֆիզիկա» մասնագիտությամբ ֆիզիկայի մասնագիտական խորհուրդի ստեղծումը լայն հեռանկարներ է բացում համալսարանի առջև:

    Բարձրագույն որակավորման կոմիտեի որոշման համաձայն` Հայ-Ռուսական համալսարանում ստեղծվել է «Կիսահաղորդիչների ֆիզիկա» մասնագիտությամբ ֆիզիկայի մասնագիտական խորհուրդ, որը կարող է կազմակերպել թեկնածուական և դոկտորական ատենախոսությունների պաշտպանություններ: 

    Վերոնշյալ խորհուրդը (11 հոգի ընդհանուր կազմով) գլխավորել է ՀՌՀ-ի Ինժեներաֆիզիկական ինստիտուտի տնօրեն, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հայկ Սարգսյանը, իսկ գիտական քարտուղարն է ՀՌՀ-ի Ընդհանուր ֆիզիկայի և քվանտային նանոկառուցվածքների ամբիոնի վարիչ, ֆիզմաթ գիտությունների թեկնածու, դոցենտ Դավիթ Հայրապետյանը։ Խորհրդի կազմում են ընդգրկվել նաև Սանկտ Պետերբուրգի Պետրոս Մեծի անվան Պոլիտեխնիկական համալսարանի ներկայացուցիչներ Դմիտրի Ֆիրսովը, Վադիմ Շալիգինը և Մաքսիմ Վինիչենկոն: 

    Պրոֆեսոր Հայկ Սարգսյանի հավաստմամբ` «Կիսահաղորդիչների ֆիզիկա» մասնագիտությամբ ֆիզիկայի մասնագիտական խորհուրդի ստեղծումը լայն հեռանկարներ է բացում մեր համալսարանի առջև` բարձրակարգ գիտական կադրերով համալսարանին և պետությանն ապահովելու համար, ինչպես նաև ինժեներաֆիզիկական կրթության մրցունակության բարձրացման համար: Բացի այդ` այս ամենը հնարավորություն է ստեղծելու ապահովել գիտական կադրերի շարունակականությունը և բարձրացնել գիտական դպրոցների աշխատանքի արդյունավետությունը: 

    Առաջիկայում Հայ-Ռուսական համալսարանում կայանալու են ատենախոսությունների նախապաշտպանություններ, իսկ առաջիկա երեք ամսվա ընթացքում լինելու է նաև առաջին թեկնածուական ատենախոսության պաշտպանությունը: 

     
    Կարդացեք նաև՝ https://www.lragir.am/2022/02/15/698699/