research
  • 28 Օգո
  • 2026

ՌՀՀ դասախոս Աստղիկ Գրիգորյանը զեկուցումով հանդես եկավ ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան Ռազմական ակադեմիայում

    Թեմայի շրջանակներում Աստղիկ Գրիգորյանը ներկայացրեց հնչյունաբանական և խոսքի կառուցմանն ուղղված արդյունավետ մեթոդներ:

    ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան Ռազմական ակադեմիայի հրավերով,   միջբուհական համագործակցության շրջանակներում Ռուս-Հայկական համալսարանի   հայոց  լեզվի և գրականության ամբիոնի ավագ դասախոս Աստղիկ Գրիգորյանը օգոստսի 27-ին մասնակցեց լեզուների ամբիոնի մեթոդական հավաքին՝ ներկայացնելով «Հեղինակային մեթոդների և լեզվական-քերականական նորարարական հնարքների կիրառումը ռուսալեզու սովորողներին հայերեն դասավանդելիս» թեմայով զեկուցումը։ 
     
    Թեմայի շրջանակներում Աստղիկ Գրիգորյանը ներկայացրեց հնչյունաբանական և խոսքի կառուցմանն ուղղված արդյունավետ մեթոդներ, որոնց կիրառումը նպաստում է այլալեզու սովորողների հայերեն խոսքի ձևավորմանը։
     
    «Նախ ներկայացվեց հայերենի տառերի ուսուցման մեթոդիկան․ այն տեխնիկական  հնարք է՝ կապված տառերի համարակալման հետ, որի կիրառման արդյունքում հաղթահարվում են գրության հետ կապված դժվարությունները», - նշեց դասախոսը:
     
    Ունկնդիրները փաստացի օրինակներով տեսան մեթոդի կիրառման տեխնիկան։ Մասնակիցները ծանոթացան այն հետաքրքիր հնարքներին, որոնք կիրառվում են հայերեն դժվարահունչ հնչյունները՝ փ, ք, թ, ց, չ, ձ, ծ,ջ, ճ, սովորեցնելիս։  
     
    Հատկապես հետաքրքրություն առաջացրեց հայերեն և ռուսերեն նմանահունչ բառերի համեմատությունը, որոնց միջոցով հաղթահարելի են դառնում արտասանական խոչընդոտները։ 
     
    «Մեր շնորհակալությունն ենք հայտնում ՌԱ պետ գեներալ-մայոր Արսեն Մանգասարյանին, Լեզուների ամբիոնի պետ մ․գ․թ․ Մարինե   Հովսեփյանին, Հայոց լեզվի ցիկլի պետ Սոնա Նազարեթյանին և ամբիոնի բոլոր դասախոսներին», - ընդգծեց Աստղիկ Գրիգորյանը:
     
    Նշենք, որ հանդիպման արդյունքում կողմերն արտահայտեցին փոխադարձ հետաքրքրվածություն երկու բուհերի միջև նմանատիպ համագործակցությունը շարունակելու և զարգացնելու հարցում։