- 06 Նոյ
- 2026
ՌՀՀ-ում կայացել է «Ապագայի գիտնականները» միջազգային նախագծի կրթական օրը
Ռուսաստանի առաջատար բուհերի և գիտական կենտրոնների ներկայացուցիչները դասախոսություններ և վարպետության դասեր են անցկացրել դպրոցականների, ուսանողների և երիտասարդ մասնագետների համար։
«Ապագայի գիտնականները» միջազգային գիտակրթական նախագիծն արդեն երկրորդ տարին անընդմեջ անցկացվում է Հայաստանում։ Նոյեմբերի 6-ին Ռուս-Հայկական համալսարանում Ռուսաստանի առաջատար բուհերի և գիտական կենտրոնների ներկայացուցիչները դասախոսություններ և վարպետության դասեր են անցկացրել դպրոցականների, ուսանողների և երիտասարդ մասնագետների համար։
Մասնակիցներին և հյուրերին ողջունել է ՌՀՀ գիտության գծով պրոռեկտոր, պրոֆեսոր Պարգև Ավետիսյանը։ Նա ընդգծել է Ռուս-Հայկական համալսարանի առանձնահատուկ դերը՝ որպես Ռուսաստանի և Հայաստանի համատեղ նշանակալի նախագծերից մեկի, ինչպես նաև անդրադարձել բուհի և Ա.Ս. Պուշկինի անվան ռուսաց լեզվի պետական ինստիտուտի երկարամյա համագործակցությանը։
«Ուրախությամբ ողջունում եմ ձեզ Հայաստանի և Ռուսաստանի իսկապես հրաշալի, եզակի գիտակրթական և մշակութային կենտրոնի հարկի տակ։ Մենք սերտորեն համագործակցում ենք Ռուսաստանի գիտական և կրթական կենտրոնների, մասնավորապես՝ Պուշկինի անվան ռուսաց լեզվի ինստիտուտի հետ։ Մեզ կապում են համատեղ հետազոտությունները, գիտական աշխատանքներն ու տարաբնույթ միջոցառումները։ Ուստի վստահ եմ, որ այն ամենը, ինչ սկսվում է մեր համալսարանի հարկի տակ, ոչ թե ավարտ է, այլ մեր հետագա համատեղ նախաձեռնությունների և համագործակցության սկիզբ», — նշել է պրոֆեսոր Ավետիսյանը։
Նախագծի շրջանակում մասնակիցներին ներկայացվել են գիտության տարբեր ուղղություններ, որոնք արտացոլում են ժամանակակից աշխարհի արդիական մարտահրավերներն ու միտումները։
ՌՀՀ-ում անցկացված կրթական օրվա ծրագիրը ներառել է լիագումար նիստ և երեք թեմատիկ բաժինների աշխատանք՝ բնագիտական, տնտեսագիտության, կիրառական ինֆորմատիկայի և գյուղատնտեսական գիտությունների, ինչպես նաև հումանիտար ուղղություններով։
Լիագումար նիստում բանասիրական գիտությունների թեկնածու Ալեքսանդրա Օլխովսկայան հանդես է եկել «Լեզուն՝ որպես մշակույթի ԴՆԹ» թեմայով զեկուցմամբ։ Բնագիտական բաժնում մասնակիցները քննարկել են կենսատեխնոլոգիաների կիրառությունը՝ բժշկությունից մինչև տիեզերքի յուրացում, սիլիցիումը և դրա նշանակությունը ժամանակակից կյանքում, ինչպես նաև պոլիմերային համակարգերում ինքնակազմակերպման երևույթն ու դրա կիրառությունը գիտական հետազոտություններում։
Տնտեսագիտական և միջգիտակարգային բաժինն ընդգրկել է խելացի տրանսպորտային համակարգերի բնութագրերի էվոլյուցիոն մոդելավորման և օպտիմալացման, ալգորիթմների տեսության և դրա կիրառությունների, հողի բերրիության հիմք հանդիսացող օրգանական նյութերի, ինչպես նաև տիեզերական հացի հեռանկարների՝ գաղափարից մինչև առաջին թռիչք թեմաներով դասախոսություններ։
Հումանիտար բաժինը նվիրված էր Պուշկինի ստեղծագործությանը, սիրային քնարերգության վերլուծության մեթոդաբանությանը, ընթերցանության մշակույթի զարգացմանը՝ թղթային գրքից մինչև սմարթֆոնի էկրան, արհեստական բանականությանը, ընկալման և ընկալման պատրանքի հիմնախնդիրներին, ինչպես նաև ժամանակակից ռուսաց լեզվում ընթացող ակտիվ գործընթացներին՝ հնչյունաբանությանը, բառակազմությանը, բառապաշարին, քերականությանը և ոճաբանությանը։
Փորձագետների ելույթները հնարավորություն են ընձեռել ծանոթանալու ժամանակակից գիտական հետազոտություններին, փոխանակվելու գիտելիքներով և քննարկելու գիտության տարբեր ոլորտների զարգացման հեռանկարները։ Նախագիծը նաև հնարավորություն է տվել երիտասարդ մասնակիցներին անմիջականորեն շփվելու գիտական հանրության ներկայացուցիչների հետ և ընդլայնելու իրենց պատկերացումները հետազոտական արդի ուղղությունների վերաբերյալ։
Նշենք, որ «Ապագայի գիտնականները» նախագիծն իրականացվում է Գիտության և տեխնոլոգիաների տասնամյակի շրջանակում՝ Ռուսաստանի Դաշնության գիտության և բարձրագույն կրթության նախարարության նախաձեռնությամբ և աջակցությամբ, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության և «Ռոսսոտրուդնիչեստվոյի» աջակցությամբ։ Նախագծի կազմակերպիչն է Ա.Ս. Պուշկինի անվան ռուսաց լեզվի պետական ինստիտուտը։







