research
  • 14 Նոյ
  • 2026

ՌՀՀ պատվիրակությունը մասնակցել է Ռուս-Հայկական գիտակրթական երկրորդ համաժողովին

    Միջոցառումը միավորել է երկու երկրների 43 առաջատար համալսարանների և գիտական կազմակերպությունների, պետական կառույցների ու բիզնեսի ներկայացուցիչների։

    Ռուս-Հայկական համալսարանի պատվիրակությունը՝ ռեկտոր Էդվարդ Սանդոյանի գլխավորությամբ, նոյեմբերի 12-14-ը մասնակցել է Ռուս-Հայկական գիտակրթական երկրորդ համաժողովին, որն անցկացվել է Պլեխանովի անվան ռուսական տնտեսագիտական համալսարանի Ա. Ս. Վիշնյակովի անվան թվային և տեղեկատվական տեխնոլոգիաների կորպուսում։

    Համաժողովին մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և ՌԴ գիտության և բարձրագույն կրթության նախարար Վալերի Ֆալկովը։ Միջոցառումը միավորել է երկու երկրների 43 առաջատար համալսարանների և գիտական կազմակերպությունների, պետական կառույցների ու բիզնեսի ներկայացուցիչների։

    Քննարկումների առանցքում եղել են ռուս-հայկական գիտակրթական համագործակցության զարգացման հեռանկարները, համատեղ հետազոտությունների ընդլայնումը, կրթական ծրագրերի և ակադեմիական շարժունության զարգացումը։ Համաժողովի կարևոր իրադարձություններից էր ՌՀՀ Կառավարման խորհրդի կանոնակարգի ստորագրումը՝ երկու երկրների կրթության նախարարների կողմից։ Փաստաթուղթը միտված է համալսարանի հետագա զարգացմանը և բարձրագույն կրթության ոլորտում համագործակցության մեխանիզմների ամրապնդմանը։ Ավելի վաղ՝ 2026 թվականի մարտին, ստորագրվել էր ՌՀՀ նոր կանոնադրությունը։

    ՌԴ գիտության և բարձրագույն կրթության նախարար Վալերի Ֆալկովն ընդգծել է համալսարանին ցուցաբերվող համակարգային աջակցության և նրա գիտական ու կրթական ներուժի զարգացման կարևորությունը։ Համաժողովի շրջանակում անդրադարձ է կատարվել նաև Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի հետ համագործակցությանը, ներառյալ համատեղ գիտական նախագծերն ու ռուսական գիտական ենթակառուցվածքների հնարավորությունները։

    Համաժողովի գործնական ծրագիրն ընդգրկել է յոթ թեմատիկ քննարկում՝ նվիրված գիտատեխնոլոգիական համագործակցությանը, ժամանակակից կրթական միջավայրին, լեզվի և մշակույթի դերին, ներառական կրթությանը, ՏՏ մասնագետների պատրաստմանը, տեխնոլոգիական ձեռներեցությանը և ակադեմիական շարժունությանը։ Նշվել է, որ 2025-2026 ուսումնական տարում ուսանողների և դասախոսների փոխանակման ծրագրերին մասնակցել է ավելի քան հազար ներկայացուցիչ Հայաստանից և Ռուսաստանից, իսկ երկու երկրների համալսարանների և գիտական կազմակերպությունների միջև գործում է 443 համագործակցության համաձայնագիր, որոնց շրջանակում իրականացվում է 159 համատեղ նախագիծ։