ՌՀՀ-ում կկայանա «Հաշմանդամության ժամանակակից մոտեցումները. էթիկա և ներառական միջավայր» թեմայով դասընթաց-քննարկում
Նոյեմբերի 23` ժամը 14:30, Ռուս-Հայկական համալսարանի Ֆ.Տ. Սարգսյանի անվան կոնֆերանս դահլիճում (Կապույտ դահլիճ) կկայանա «Հաշմանդամության ժամանակակից մոտեցումները. էթիկա և ներառական միջավայր» թեմայով հանդիպում:
Որպես բանախոս հանդես կգա Արմինե Մելիքյանը` հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ակտիվիստ: Քննարկման առանցքում կլինեն հաշմանդամության սոցիալական և մարդու իրավունքների վրա հիմնված մոտեցումները, հաշմանդամության վերաբերյալ կարծրատիպերը, ինչպես նաև հոգեբանների և կառավարման ոլորտի մասնագետների դերը ներառական, մատչելի և խտրականությունից զերծ միջավայրի ձևավորման գործում։
Հանդիպումը կազմակերպել է Ռուս-Հայկական համալսարանը և «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ն` ՌՀՀ հոգեբանության և կառավարման ուղղությունների ուսանողների համար:
Նշենք, որ միջոցառումը կազմակերպվել է դեկտեմբերի 3-ին նշվող Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվան ընդառաջ։








