ՌՀՀ-ում կքննարկեն ակտիվ երկարակեցության հոգեբանական և կենսաբանական մեխանիզմները
Ակտիվ երկարակեցության պահպանման և կյանքի որակի բարձրացման համար կարևոր նշանակություն ունեն ոչ միայն բժշկական ու կենսաբանական, այլև հոգեբանական գործոնները։ Այս հարցերին կանդրադառնան Ռուս-Հայկական համալսարանում նոյեմբերի 19-ին` ժամը 14:30-ին, Օրբելու անվան լսարանում (ՌՀՀ նոր մասնաշենք, VII հարկ) կայանալիք «Ակտիվ երկարակեցության հոգեբանական և կենսաբանական մեխանիզմները» խորագրով կլոր սեղանի մասնակիցները։
Սեմինարը միտված է Հայաստանում և Ռուսաստանում գերոնտոլոգիայի զարգացմանը, հոգեբանական աջակցության և առողջապահական համակարգի մոտեցումների կատարելագործմանը, ինչպես նաև բնակչության կյանքի որակի և տևողության բարձրացմանը։
Քննարկման ընթացքում անդրադարձ կկատարվի ակտիվ երկարակեցության հոգեբանական մեխանիզմներին և ռեսուրսներին, գենետիկական ու ֆիզիոլոգիական առանձնահատկություններին, բնական կենսաբանական ակտիվ միացությունների և հակաօքսիդանտային պաշտպանության դերին առողջության պահպանման գործում, ինչպես նաև ակտիվ երկարակեցության ձևավորման գործում հոգեբանական ընտրության նշանակությանը։
Միջոցառումը կազմակերպում են Ռուս-Հայկական համալսարանի Միջազգային հարաբերությունների և հասարակական-քաղաքական գործընթացների ինստիտուտի հոգեբանության ամբիոնը, Պատրիս Լումումբայի անվան Ռուսաստանի ժողովուրդների բարեկամության համալսարանը (ՌՈՒԴՆ), Հայկական հակատարիքային բժշկության ասոցիացիան և Նեյրոգիտությունների միջազգային ակադեմիան։








