ՌՀՀ-ում կքննարկեն մշակույթների պատմական երկխոսությունը
Հունիսի 11-ին` ժամը 13:00-ին, Ռուս-Հայկական համալսարանի ռեկտորատի նիստերի դահլիճում կկայանա «Ռուսական մշակույթը ժողովուրդների երկխոսության մեջ» խորագրով կլոր սեղան: Գիտնականներն ու դասախոսները կքննարկեն, թե ինչպես է ռուսական մշակույթն ազդել ազգային ավանդույթների ձևավորման վրա և, իր հերթին, ինքը ձևավորվել դրանց ազդեցությամբ: Ուշադրության կենտրոնում է լինելու Ռուսաստանի և Կովկասի, Կենտրոնական Ասիայի ու Արևելյան Եվրոպայի ժողովուրդների ընդհանուր մշակութային տարածությունը:
Հանդիպման հիմնական նպատակն է փորձագիտական մակարդակով քննարկել ռուսական մշակույթի դերը Ռուսաստանի հետ պատմականորեն կապված ժողովուրդների տեղական ավանդույթների զարգացման գործում, ինչպես նաև բացահայտել դրանց փոխադարձ հարստացման մեխանիզմները:
Միջոցառումը նվիրված է Ռուսաստանի օրվան:
Ծրագիրն ընդգրկում է հումանիտար հարցերի լայն շրջանակ: Պատմաբանները, բանասերները, մշակութաբաններն ու արվեստաբանները կքննարկեն հետևյալ թեմաները.
• Ռուսերենը՝ որպես մշակութային երկխոսության գործիք և երկլեզվության ռեսուրս,
• Դասական գրականության, ակադեմիական գիտության և արվեստի ազդեցությունը ազգային դպրոցների կայացման վրա,
• Խորհրդային մշակութային քաղաքականությունը պատմական հեռանկարում,
• Կովկասյան և արևելյան մոտիվները ռուս գրողների, կոմպոզիտորների ու նկարիչների ստեղծագործություններում:
Կազմակերպիչները շեշտում են, որ մշակութային համատեղ ստեղծագործության պատմական փորձի ուսումնասիրությունն այսօր ունի խորը հասարակական և գիտական նշանակություն: Կլոր սեղանի նպատակն է ամրապնդել ակադեմիական համագործակցությունը Հայաստանի և Ռուսաստանի հետազոտողների միջև:
Միջոցառման կազմակերպիչն է ՌՀՀ Միջազգային հարաբերությունների և հասարակաքաղաքական գիտությունների ինստիտուտը:








