research
  • 23 Նոյ
  • 2026

«Մեկ բանաստեղծության երկու ձայն». ՌՀՀ-ում կայացել է գրական միջոցառում՝ նվիրված բանաստեղծական թարգմանությանը

    Հանդիպման շրջանակում անցկացվեց նաև վեց թեմատիկ բաժիններից բաղկացած ինտելեկտուալ խաղ:

    «Մեկ բանաստեղծության երկու ձայն» խորագրով գրական միջոցառում՝ նվիրված բանաստեղծական թարգմանությանը և հայ-ռուսական գրական կապերին, տեղի ունեցավ Ռուս-Հայկական համալսարանում նոյեմբերի 18-ին ։

    Մասնակիցներն անդրադարձան Ալեքսանդր Պուշկինի, Միխայիլ Լերմոնտովի, Վասիլի Ժուկովսկու և նրանց եվրոպացի նախորդների ստեղծագործություններին՝ ներկայացնելով անտիկ և եվրոպական գրականության ազդեցությունը ռուս դասական գրականության և դրա հայերեն թարգմանությունների վրա։ Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց բանաստեղծական թարգմանության առանձնահատկություններին՝ բնագրի իմաստի, պատկերավորության, երաժշտականության և հեղինակային հնչերանգի պահպանմանը։

    Հանդիպման շրջանակում անցկացվեց վեց թեմատիկ բաժիններից բաղկացած ինտելեկտուալ խաղ, կազմակերպվեցին բանաստեղծական ընթերցումներ ռուսերեն և հայերեն լեզուներով, ներկայացվեցին բնօրինակ ստեղծագործություններն ու դրանց թարգմանությունները, ինչպես նաև թատերականացված բեմադրություններ։

    Առանձին բաժին նվիրված էր ռուս դասական գրականության հայերեն թարգմանությունների պատմությանը։ Գրական ավանդույթների շարունակականության օրինակով ներկայացվեց «Բայրոն — Լերմոնտով — Չարենց» շղթան։

    Միջոցառումը կազմակերպել էր ՌՀՀ բանասիրության և միջմշակութային հաղորդակցության ինստիտուտի ռուս և համաշխարհային գրականության ու մշակույթի ամբիոնը։