- 24 Նոյ
- 2026
ՌՀՀ-ում անցկացվեց չինական ավանդական թեյախմության արարողություն
Միջոցառման ընթացքում ներկայացվել են չինական թեյի տասը տեսակներ և ավանդական հյուրասիրություններ։
Ռուս-Հայկական համալսարանի չինարենի և չինական մշակույթի կենտրոնը նոյեմբերի 21-ին ուսանողներին հրավիրել էր ծանոթանալու չինական թեյախմության ավանդույթներին՝ մի արարողության, որը միավորում է թեյի համն ու բույրը, հանգստությունն ու ներդաշնակությունը։
Միջոցառմանը մասնակցում էին ՌՀՀ տարբեր ինստիտուտների ուսանողներ։ Արարողության կազմակերպմանն աջակցել են տարածաշրջանագիտության ուսանողներն ու կենտրոնում չինարեն սովորող դպրոցականները։
Միջոցառման ընթացքում ներկայացվել են չինական թեյի տասը տեսակներ և ավանդական հյուրասիրություններ։ Կենտրոնի ուսանողուհի Մերի Հովսեփյանը ներկայացրել է չինական թեյի ութ տեսակների պատմությունն ու դրանց հետ կապված ավանդազրույցները։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել հայտնի Դա Հուն Պաո (大红袍) թեյին, որի անվանումը թարգմանաբար նշանակում է «Մեծ կարմիր խալաթ»։
Կենտրոնի ղեկավար Նաիրա Գրիգորյանի խոսքով՝ չինական թեյի մշակույթը սովորեցնում է չշտապել և գնահատել հանգստության պահերը։ Նման հանդիպումները նպաստում են չինական մշակույթի և ավանդույթների ճանաչմանը, միավորում տարբեր ուղղությունների ուսանողներին և ստեղծում բարեկամական միջավայր՝ չինարենն ու չինական մշակույթն ուսումնասիրելու համար։
Չինացի դասախոսները մասնակիցների համար նաև հատուկ անակնկալ էին պատրաստել՝ ելակով տորթ։







