research
  • 28 Հու
  • 2023

Արմինե Քյուփելյան․ «Կյանքում ինչի էլ հասնեմ, երբեք չեմ մոռանա, թե որտեղից եմ սկսել»։

    Մեր զրուցակիցն է Հայ-Ռուսական համալսարանի շրջանավարտ, ՀՌՀ Ուսխորհրդի նախկին նախագահ Արմինե Քյուփելյանը։ Խոսեցինք Արմինեի հետ իր անցած ճանապարհի, գաղափարների, ՀՌՀ-ի և կարիերայի մասին։

    Մեր զրուցակիցն է Հայ-Ռուսական համալսարանի «Փիլիսոփայություն» կրթական ծրագիրի (բակալվրիատ),  «Կառավարման հոգեբանություն» մագիստրոսական ծրագրի 2022 թ-ի շրջանավարտ, ՀՌՀ Ուսանողական խորհրդի նախկին նախագահ Արմինե Քյուփելյանը։ Խոսեցինք Արմինեի հետ իր անցած ճանապարհի, գաղափարների, ՀՌՀ-ի և կարիերայի մասին։
     
     
    - Ինչպե՞ս որոշեցիք ընդունվել Հայ-Ռուսական համալսարան։

    - Մանկուց ինձ միշտ պատկերացրել եմ արվեստում: Ստեղծագործելն իմ առօրյայից անպակաս է եղել․ նկարչություն, ձեռագործություն, երգ։ 9-ամյա կրթությունից հետո որոշեցի ընդունվել Թերլեմեզյան։ Հայտերը լրացրեցի, սակայն չներկայացա քննություններին ու ընդունվեցի տարածաշրջանային N 1 պետական քոլեջ «Շուկայաբանություն» (մարքեթինգ) բաժին, որը սիրեցի ու ավարտեցի գերազանցությամբ։ Հենց այնտեղ էլ՝ երկրորդ կուրսում, սկսեցի լրջորեն մտածել բարձրագույն կրթության մասին։ Ուսումնասիրելով բոլոր բուհերը, հենվելով ինձ համար օրինակելի մարդկանց կարծիքների վրա ու իմանալով քոլեջիցս դեպի բուհ արտոնյալ պայմանների մասին, ընտրեցի Հայ-Ռուսական համալսարանը։ Երազանք դարձած ու անհասանելի թվացող այս բուհն ինձ համար դարձավ նպատակ, հետո իրականություն։
     
    Թե ինչ մասնագիտություն պետք է ընտրեի, երկար չեմ մտածել։ Հերթով ուսումնասիրել եմ բոլոր բաժինները, նայել եմ քննություններն ու արդեն պարզ էր, որ պետք է հումանիտար հոսք ընտրեի։
     
    Ի վերջո, մի քանի բաժին ընդունվելով, ընտրեցի «Փիլիսոփայություն» ուղղությունը։ Չնայած բազում կարծիքների ու կարծրատիպերի, չեմ փոշմանում կատարածս ընտրության համար։
     
     
    - Ի՞նչը պատճառ հանդիսացավ, որ ընտրելով «Փիլիսոփայություն»  մասնագիտությունը, մագիստրատուրայում շարունակեցիք «Կառավարման հոգեբանություն» մասնագիտությամբ։
     
    - Փիլիսոփայությունն ինձ շատ բան է տվել, օգնել և ձևավորել յուրահատուկ աշխարհայացք ու աշխարհընկալում, ինչը ուղեկից է լինելու ինձ ողջ կյանքի ընթացքում։ Մասնագիտությունս փոխեցի մենեջմենթի ոլորտում՝ աշխատանքային փորձից ու հոգեբանության հանդեպ մեծ հետաքրքրությունից ելնելով։ Դրան նպաստեց նաև իմ նախաձեռնողական լինելը տարբեր հարթակներում։ Այդպիսով գիտելիքներս տեղափոխեցի ավելի պրակտիկ դաշտ, ինչն էլ կօգներ ինձ աշխատաշուկայում ավելի լավ դիրք ունենալուն։ Չէ որ այս մասնագիտությունների ամբողջությունը կիրառելի է բոլոր ոլորտներում:
     
    - Մի փոքր պատմիր, խնդրում եմ, ուսանողական վառ հիշողություններից։

    - Ուսանողական խորհրդի նախագահ լինելու տարիներն ու հասարակական ակտիվ գործունեությունն ինձ տվել են բազում հմտություններ, գիտելիքներ, փորձ ` ղեկավարելու ու կազմակերպելու։ Այդ բոլոր տարիների ընթացքում ուսմանս զուգահեռ զբաղվել եմ հասարակական աշխատանքով, փորձել եմ թիմակիցներիս ու ուսանողների մեջ ներդնել ամենավեհ ու կարևոր արժեքները` մարդու, հայրենիքի և պետության համար։ Կարծում եմ՝ դա ստացվել է։ Ովքեր հետևել են մեզ, կփաստեն, որ ստացվել է։
     
     
    - Սիրելի դասախոս ունե՞ս։ 

    - Ես շատ սիրելի դասախոսներ ունեմ։ Թե՛ բակալավրիատում, և թե՛ մագիստրատուրայում ինձ բախտ է վիճակվել սովորել ՀՀ լավագույն մասնագետներից։ Պետք է նշեմ, որ նրանցից մի քանիսն ինձ համար դարձել են իսկական օրինակ։ Թող ներեն ինձ բոլոր դասախոսներս, բայց պետք է առանձնացնեմ Հովհաննես Լավրենտի Սարգսյանին, ումից կարելի է սովորել տոկունություն, սառը դատողություն ու խորաթափանց հայեցողություն։ Նա սովորեցրեց նաև հարգել փիլիսոփայությունը։ Իմ ուսանողական կյանքի անբաժան մասնիկներից մեկը դարձավ նաև Տաթևիկ Աշոտի Հովհաննիսյանը. նա դասավանդում էր բազում կարևոր մասնագիտական առարկաներ ու դարձավ հրաշալի ավագ ընկեր։ Իմ ուսանողական կյանքի առաջին իսկ օրերից ինձ շատ մտերիմ և հոգեհարազատ մարդ դարձավ Մարիանա Լևոնի Հարությունյանը, ով օգնել է ինձ հաղթահարել բոլոր անձնական և գործնական խնդիրներն ու եղել է իմ ավագ խորհրդատուներից ու մոտիվացիայի աղբյուրներից մեկը, hանդիսացել է իմ բոլոր կուրսային, ինչպես նաև դիպլոմային աշխատանքների ղեկավարը։ Չեմ կարող չնշել նաև տիկին Յարալյանին, ով իսկապես բացի լավ դասախոս լինելուց նաև հրաշալի ՈՒՍՈՒՑԻՉ Է՝ բառի ամենախորքային իմաստներով: Եվ իհարկե Անուշ Գարեգինի Բաբայանը, ով չնայած շատ կարճ ժամանակահատված դասավանդեց ինձ, բայց մենք շատ արագ մտերմացանք ու պարզեցինք, որ մեր ներաշխարհները բավականին մոտ են իրար։ Թեպետ կարող եմ էլի անուններ նշել, բայց վերոնշյալ անձանց թողած հետքն իմ անձնական ու մասնագիտական կյանքում անքքնելի է:
     
    - Երկար տարիներ լինելով Ուսանողական խորհուրդի նախագահ՝ ինչ կպատմես ՈՒԽ-ի և ձեր թիմի մասին։

    - Ուսանողական կյանքիս առաջին իսկ օրերից անդամագրվել եմ ՀՌՀ Ուսանողական խորհրդին։ Երկրորդ կուրսում արդեն Հումանիտար գիտությունների ինստիտուտի ՈւԽ նախագահ էի, հետո` ընդհանուր ՈւԽ փոխնախագահ։ Երկրորդ կուրսի վերջում արդեն ամբողջ Ուսանողական խորհրդի նախագահն էի` ընտրված ուսանողության 98% ձայներով։ Այսպիսով ՈւԽ-ում անցկացրեցի 6, իսկ նախագահեցի 4 տարի` ամենաերկարը ՀՌՀ պատմության մեջ, ինչը շատ մեծ հպարտանալու առիթ է։
     
    Պահ է եղել, երբ մեր թիմը բաղկացած է եղել 250 հոգուց՝ չհաշված կամավորների առաձին խումբը, ու այդ մեծ թիմով շատ կարևոր գործեր ենք փորձել անել` ի շահ ուսանողի, բուհի, կրթության, ուսանողների ազատ ժամանցի գրագետ կազմակերպման, ուսանողի հայ տեսակի պահպանման համար։ Եվ հատկապես պետք է նշեմ Covid-ի ու պատերազմի ընթացքում մեր թիմի կատարած լայնածավալ աշխատանքը, որը շատերն են տեսել: Այդ դժվարին օրերը նաև նշանավորվեցին աննկարագրելի միասնությամբ:
     
     
    - Արմինե, գիտեմ, որ ինչպես միշտ բազմաբովանդակ գործունեություն ես ծավալում: Պատմիր, խնդրում եմ, անցած ուղու, կարիերայի  և ներկայիս գործունեության մասին: 
     
    - Այո, ինչպես նշեցիք, գործունեությունս ինչպես միշտ բազմաբովանդակ է, և ունենալով թե տարբեր մասնագիտական կրթություն և որակավորումներ, թե բազում հետաքրքրություններ, փորձում եմ ինձ թույլ տալ գիտելիքներս տարբեր վայրերում կիրառելու ու, կոպիտ ասած, բոլոր դիպլոմներս օգտագործելու «ճոխությունը»: 
     
    Չնայած, որ աշխատանքային երկար տարիների փորձ ունեմ և 14 տարեկանից աշխատել եմ տարբեր ոլորտներում, բոլոր քայլերս, պետության հանդեպ վերաբերմունքս ու դաստիարակությունս ինձ ի վերջո տարան պետական համակարգ: Այս պահին աշխատում եմ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում, շարունակում եմ խորանալ հոգեբանության մեջ և հատկապես ուսումնասիրում եմ ռազմական հոգեբանություն: Ունեմ նաև երկրորդ աշխատանք՝ ստարտափ պրոեկտ մարքեթինգի և PR տեխնոլոգիաների հետ կապված, ինչի շնորհիվ էլ թարմ եմ պահում նաև մարքեթինգային և մեդիա դաշտի կառավարման գիտելիքներս: Նպատակ ունեմ նաև էլ ավելի զարգացնել սոցիալական հարթակներում ակտիվությունս և վարել մասնագիտական բլոգ:
     
    Անկեղծ ասած՝ հասարակական ակտիվությունս ևս երբևէ չեմ թուլացրել և արդեն մի քանի տարի է, ինչ համարվում եմ «Հայյան» երիտասարդական նախաձեռնության հիմնադիր-համաղեկավար՝ փորձելով կամուրջ ստեղծել բանակի և երիտասարդության միջև: Ու զուգահեռաբար շարունակում եմ մասնակցել նաև մի շարք միջոցառումների անցկացմանն ու կազմակերպչական աշխատանքներին՝ որքանով որ ժամանակս ներում է: Մի խոսքով, 24/7 մեխանիզմը կարելի է ասել ինձ համար է մշակված:
     
     
    - Ի՞նչ տվեց քեզ Հայ-Ռուսական համալսարանը։

    - Ինձ համար սկզբունքային էր ընդունվել ու հենց անվճար ընդունվել ՀՌՀ։ 
    Իրականություն դարձած իմ երազանքը՝ Հայ-Ռուսական համալսարանը, դարձավ իմ տունն ու հենարանը։ Այն տվեց ինձ գիտելիքներ, փորձ, հմտություններ ու ամենակարևորը` մարդիկ։
    Ամենաշատը շնորհակալ եմ նրա համար, որ կյանքիս ամենածանր ու խոցելի ժամանակահատվածներից մեկում, երբ բոլոր նպաստավոր պայմանները կային հանձնվելու համար, հենց այստեղ էի ես ինձ վերագտնում ու, հատկապես ակտիվ ուսանողական կյանքի շնորհիվ, ուժեղանում։ 

    Այստեղ ես սովորեցի հույսով լցվել, վստահել սեփական ուժերին ու հնարավորություններին, բախվեցի կյանքի շատ լավ ու վատ կողմերին, արդարության ու անարդարության ու մի շարք հակասական՝ դրական ու բացասական երևույթների հետ, ավելի կոնկրետ՝ տեսա կյանքի տարբեր երանգներն ու կողմերը: Իսկ ամենակարևորը՝ սովորեցի ճիշտ ժամանակին «բաց թողնել» ու առաջ շարժվել: Այդ ամենի շնորհիվ ես դարձա նա, ով կամ հիմա: Իսկ դա անգնահատելի է։
     
    Մի բան հստակ է՝ կյանքում ինչի էլ հասնեմ, երբեք չեմ մոռանա, թե որտեղից եմ սկսել...
     
     

    Արուս Մելիքյան
    («Լրագրություն», III կուրս)