research
  • 06 Նոյ
  • 2023

Ցավակցում ենք

    Հայ-Ռուսական համալսարանն իր ցավակցությունն է հայտնում անվանի գիտնական Գևորգ Բաղդասարյանի ընտանիքին և գործընկերներին:

    Կյանքից հեռացավ հայկական գիտության երախտավոր, մանկավարժ, հասարակական գործիչ ու կրթության կազմակերպիչ, ՀՀ Գիտության վաստակավոր գործիչ, Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Երվանդի Բաղդասարյանը:

    Անուրանալի է Գևորգ Բաղդասարյանի ավանդը հատկապես մեխանիկայի հայկական դպրոցի ստեղծման ու զարգացման գործում։ Մեծ հարգանքի ու գնահատանքի է արժանի նրա երկարամյա մանկավարժական գործունեությունը, որը անվանի գիտնականը կատարել է պատվով ու պատասխանատվությամբ՝ տասնամյակներ շարունակ երիտասարդ սերնդին փոխանցելով հիմնարար գիտության լավագույն ավանդույթները։ Նշանակալի է նաև գիտության և գիտական հետազոտությունների կազմակերպչի նրա ավանդը, որը լավագույնս ներդրել է Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայում և Հայ-Ռուսական համալսարանում աշխատելու տարիներին: Իր բազմամյա գործունեությամբ ակադեմիկոս Գևորգ Բաղդասարյանը մեծ ներդրում է ունեցել Հայաստանում մեխանիկայի զարգացման գործում: 

     Գ.Ե. Բաղդասարյանը հեղինակ և համահեղինակ է ավելի քան 300 գիտական աշխատություների, ինչպես նաև հրատարակել է 6 մենագրություն: Նրա ղեկավարությամբ եւ խորհրդատվությամբ պաշտպանվել են շուրջ երկու տասնյակ թեկնածուական եւ դոկտորական ատենախոսություններ: Անուրանալի է գիտնական-մտավորականի ավանդը մեխանիկայի բնագավառի տարբեր ոլորտներում իրականացված հետազոտական աշխատանքներում, որոնց բազմաթիվ կարևորագույն արդյունքներ բազմիցս ներկայացվել են միջազգային գիտական հանրության ուշադրությանը և արժանացել լուրջ գնահատականի:

    Գ.Ե.Բաղդասարյանը առաջնեկն է հայրենական գիտական աշխարհում գազի գերձայնային հոսանքով շրջհոսվող բարակապատ մարմինների կայունության (ֆլատեր) հարցերի ուսումնասիրման բնագավառում: Նրա ջանքերի շնորհիվ ֆլատերի խնդիրները դարձան գիտական հանրության ուսումնասիրման առարկան և այդ ուղղությունը Հայաստանում լուրջ զարգացում ստացավ: Նա իր աշխատանքներում ուսումնասիրել է նաև բարակապատ մարմինների տատանումներն ու կայունությունը, ալիքային պրոցեսները և ճաքեր պարունակող մարմինների լարվածադեֆորմացիոն վիճակը, ստացել է մի շարք կարևորագույն արդյունքներ:
     
    Գիտության ականավոր գործիչ Գևորգ Բաղդասարյանը պարգևատրվել է բազմաթիվ մեդալներով և մրցանակներով՝
    • ՀՀ կրթության և գիտության նախարարության ոսկե մեդալ
    • ՀՀ կրթության եւ գիտության նախարարության Խ. Աբովյանի անվան ոսկե մեդալ
    • ՀՀ ԳԱԱ Վաստակագիր
    • ՀՀ վարչապետի ոսկե մեդալ
    • ՀՀ Գիտության վաստակավոր գործիչ
    • ՀՀ Նախագահի մրցանակ
     
    Նա մեծագույն հայ գիտնական և քաղաքացի էր: 

    Հայ-Ռուսական համալսարանն իր ցավակցությունն է հայտնում անվանի գիտնականի ընտանիքին և գործընկերներին: