- 29 Հոկ
- 2026
ՌՀՀ-ում ներկայացվել է «Ֆիզիկայի խնդիրների ժողովածու․ Մեխանիկա» գիրքը
Գրքի հեղինակներն են՝ Էդուարդ Ղազարյանը, Գագիկ Մելիքյանը և Սոս Մաիլյանը։
«Ֆիզիկայի խնդիրների ժողովածու: Մեխանիկա» գրքի շնորհանդեսը, որը նախատեսված է ավագ դպրոցի սովորողների համար, տեղի ունեցավ Ռուս-Հայկական համալսարանում հոկտեմբերի 29-ին։ Գրքի հեղինակներն են՝ Էդուարդ Ղազարյանը, Գագիկ Մելիքյանը և Սոս Մաիլյանը։
Միջոցառման հյուրերին ու մասնակիցներին ողջունեց ՌՀՀ ռեկտոր, ՀՀ և ՌԴ տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Էդվարդ Սանդոյանը։ Նա նշեց, որ հայերեն որակյալ ուսումնական նյութերի առկայությունն ուղղակիորեն ազդում է ապագա ուսանողների պատրաստվածության մակարդակի վրա։ Նրա խոսքով՝ համալսարանը շահագրգռված է, որ դիմորդները գան հիմնարար առարկաների ամուր հիմքով։
Ռեկտորը նաև տեղեկացրեց, որ այսօր ՌՀՀ-ն ժողովածուի օրինակներ է փոխանցել Հայաստանի 120 դպրոցի։ Ըստ նրա՝ համալսարանը հույս ունի, որ ուսուցիչներն ու աշակերտները գիրքը ակտիվորեն կօգտագործեն ուսումնական գործընթացում, իսկ ի վերջո այդ դպրոցների շրջանավարտները բարձրագույն կրթություն ստանալու համար կընտրեն Ռուս-Հայկական համալսարանը։
ՌՀՀ գլխավոր գիտական խորհրդատու, ակադեմիկոս, պրոֆեսոր Էդուարդ Ղազարյանը խոսեց ժողովածուի մասին։ Նա պարզաբանեց, որ գիրքը նախատեսված է 10-րդ դասարանցիների համար և ընդգրկում է դպրոցական ծրագրով նախատեսված մեխանիկայի բոլոր բաժինների վերաբերյալ 990 խնդիր։
Նրա խոսքով՝ ժողովածուի հիմնական նպատակն է օգնել աշակերտներին ամրապնդելու գիտելիքները, զարգացնելու տրամաբանական մտածողությունը և ձևավորելու հաշվարկային հմտություններ։
«Մենք ցանկանում էինք, որ սովորողը ոչ թե պարզապես անգիր անի բանաձևերը, այլ սովորի մտածել», – ընդգծեց Էդուարդ Ղազարյանը։
Գրքի առանձնահատկությունը բարդության երեք մակարդակն է՝ Ա, Բ և Գ։ Ա մակարդակի խնդիրները ստուգում են ֆիզիկայի հիմնական հասկացությունների և օրենքների իմացությունը, ֆիզիկական մեծությունների հետ պարզ գործողություններ կատարելու կարողությունը։ Որպես կանոն, դրանց լուծման համար բավական է մեկ օրենք և պարզ մաթեմատիկական հաշվարկ։ Բ մակարդակի խնդիրները պահանջում են վերլուծել ֆիզիկական երևույթները, կիրառել օրենքներն ու բանաձևերը ծանոթ կամ փոքր-ինչ փոփոխված իրավիճակներում։ Գ մակարդակի խնդիրները նախատեսված են առավել բարձր պատրաստվածություն ունեցողների համար և պահանջում են ոչ ստանդարտ մտածողություն. դրանք սովորեցնում են կողմնորոշվել նոր, անծանոթ իրավիճակներում։
Սովորողներին օգնելու նպատակով Բ և Գ մակարդակների որոշ խնդիրների համար հեղինակները բերել են անհրաժեշտ ցուցումներ կամ ամբողջական լուծումներ։
Միջոցառման ընթացքում հյուրերը հնարավորություն ունեցան խոսք ասել և կիսվել տպավորություններով։ ՌՀՀ մաթեմատիկայի, ֆիզիկայի և բարձր տեխնոլոգիաների ինստիտուտի տնօրեն Ահարոն Ահարոնյանը նշեց, որ ժողովածուն մեծ գործնական արժեք է ներկայացնում ինչպես ուսուցիչների, այնպես էլ աշակերտների համար։ Շնորհանդեսի մյուս մասնակիցները հույս հայտնեցին, որ ժողովածուն կդառնա հուսալի օգնական ողջ երկրի դպրոցների համար։
Նշենք, որ «Ֆիզիկայի խնդիրների ժողովածու: Մեխանիկա» գիրքը երաշխավորված է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից։ Գիրքը տպագրվել է ՀՀ մանկավարժահոգեբանական ակադեմիայի և Ռուս-Հայկական համալսարանի հովանավորությամբ։







