- 30 Հոկ
- 2026
ՌՀՀ քաղաքագիտության ամբիոնի վարիչ Հովհաննես Սարգսյանը մասնակցել է Սանկտ Պետերբուրգում կայացած միջազգային համաժողովին
Հովհաննես Սարգսյանը հանդես է եկել «Հարավային Կովկասի պետությունների հասարակությունների վերափոխումը սոցիալական ճարտարապետության հայեցակարգի տեսանկյունից» զեկուցմամբ։
Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի հրավերով Ռուս-Հայկական համալսարանի Կ. Միրումյանի անվան քաղաքագիտության ամբիոնի վարիչ Հովհաննես Սարգսյանը մասնակցել է «Սոցիալական ճարտարապետություն. սոցիալական փոփոխությունների տեսություն և պրակտիկա» 2-րդ միջազգային գիտագործնական համաժողովին։ Միջոցառումը տեղի է ունեցել հոկտեմբերի 23-24-ը Սանկտ Պետերբուրգի «Ռուսաստանը՝ իմ պատմությունն է» թանգարանային-ցուցահանդեսային կենտրոնում։
Համաժողովը միավորել է ավելի քան 600 գիտնականների, փորձագետների և ոլորտի մասնագետների՝ 35 երկրներից, ինչպես նաև Ռուսաստանի ավելի քան 90 քաղաքներից և 120 բուհերից։ Մասնակիցներին ուղղված ողջույնի ուղերձ է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
Համաժողովի կենտրոնական թեման էր՝ ինչպես արագացող տեխնոլոգիական և սոցիալական փոփոխությունների պայմաններում մարդը, հասարակությունը և պետությունը կարող են պահպանել սեփական ապագան ինքնուրույն ձևավորելու կարողությունը։ Հատուկ ուշադրություն է դարձվել սոցիալական ճարտարապետությանը՝ որպես հասարակական փոփոխությունների նախագծման գործիքի, մարդու և հասարակության սուբյեկտայնության, երկարաժամկետ պլանավորման և երկրների զարգացման այլընտրանքային սցենարների որոնման հարցերին։
Թեմատիկ քննարկումների ընթացքում մասնակիցներն անդրադարձել են տեխնոլոգիական, ժողովրդագրական և մշակութային գործընթացների ազդեցությանը ժամանակակից հասարակության վրա, երկարաժամկետ ռազմավարությունների ձևավորման գործում պետության և հասարակական ինստիտուտների դերին, ինչպես նաև կոլեկտիվ գործողությունների մեխանիզմներին և արդիական հասարակական խնդիրների լուծման համար սոցիալական ճարտարապետության գործիքների կիրառման հնարավորություններին։ Ներկայացվել է նաև Ս. Վոլոդենկովի խմբագրությամբ «Սոցիալական ճարտարապետություն. սոցիալական փոփոխությունների տեսություն և պրակտիկա» դասագիրքը։
«Հասարակությունը որպես ապագայի կոլեկտիվ նախագծման սուբյեկտ» թեմատիկ բաժնում Հովհաննես Սարգսյանը հանդես է եկել «Հարավային Կովկասի պետությունների հասարակությունների վերափոխումը սոցիալական ճարտարապետության հայեցակարգի տեսանկյունից» զեկուցմամբ։
Իր ելույթում նա նշել է, որ սոցիալական ճարտարապետությունը Ռուսաստանում ակտիվորեն զարգանում է ինչպես պետական քաղաքականության նոր ուղղություն և կրթական ծրագիր, այնպես էլ հասարակական գործընթացների նախագծման գործիք։ Այդ մասին են վկայում միջառարկայական հետազոտական նախագծերը, Ռուսաստանի առաջատար համալսարաններում բացվող նոր մագիստրոսական ծրագրերը և «Ռուսաստանը՝ հնարավորությունների երկիր» նախագահական հարթակի շրջանակում Սոցիալական ճարտարապետության ինստիտուտի ստեղծումը։
«Առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում այս ոլորտում ռուսական փորձը այլ տարածաշրջաններում և երկրներում կիրառելու հնարավորությունը։ Պատահական չէ, որ համաժողովի ընթացքում առաջարկվել է Սոցիալական ճարտարապետության ինստիտուտի հենքի վրա ստեղծել Ապագայի ուսումնասիրությունների միջազգային կենտրոն։ Նախատեսվում է, որ նոր կառույցը կդառնա միջազգային գիտական և փորձագիտական հարթակ՝ ապագայի պատկերացումներն ուսումնասիրելու, երկարաժամկետ կանխատեսումներ մշակելու և հասարակության զարգացման արդյունավետ լուծումներ գտնելու համար՝ հաշվի առնելով տարբեր պետությունների ազգային շահերը, ավանդույթներն ու արժեքները», — նշել է Հովհաննես Սարգսյանը։
Նշենք, որ համաժողովի կազմակերպիչներն էին Սոցիալական հետազոտությունների փորձագիտական ինստիտուտը, «Ռուսաստանը՝ հնարավորությունների երկիր» նախագահական հարթակի Սոցիալական ճարտարապետության ինստիտուտը և Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանը։







