- 23 Հոկ
- 2026
ՌՀՀ մամուլի քարտուղար Դիանա Խոդերյանը մասնակցել է «Ինտերնովոստի» նախագծին
Միջոցառումը միավորել է ԱՊՀ և մերձավոր արտերկրի երկրների ավելի քան 100 երիտասարդ լրագրողների, բլոգերների և մամուլի ծառայությունների աշխատակիցների։
Ռուս-Հայկական համալսարանի մամուլի քարտուղար, EduRAU մեդիա հարթակի թղթակից Դիանա Խոդերյանը մասնակցել է «Ինտերնովոստի» միջազգային կրթական նախագծին, որը հոկտեմբերի 11-17 միավորել է ԱՊՀ և մերձավոր արտերկրի երկրների ավելի քան 100 երիտասարդ լրագրողների, բլոգերների և մամուլի ծառայությունների աշխատակիցների։ Մասնակիցներն այցելել են ռուսական առաջատար լրատվամիջոցներ, այդ թվում՝ ՏԱՍՍ, Russia Today և «ՎԿոնտակտե», ծանոթացել խմբագրությունների աշխատանքին, ժամանակակից մեդիատեխնոլոգիաներին, ինչպես նաև մասնակցել Մոսկվայում կազմակերպված մշակութային ծրագրին։
Մասնագիտական հանդիպումների ընթացքում քննարկվել են լրագրության ապագան արհեստական բանականության և կեղծ լուրերի դարաշրջանում, մասնագիտական էթիկայի հարցերն ու տեղեկատվության հետ աշխատանքի առանձնահատկությունները։ ՏԱՍՍ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Մարատ Աբուլխատինը մասնակիցների հետ կիսվել է իր փորձով և գործնական խորհուրդներով։ «Համոզված եմ, որ հենց նման նախագծերի միջոցով է ձևավորվում մեր երկրների միջև երկխոսության ամուր հիմքը։ Այս հանդիպումները նպաստում են Հայաստանի և Ռուսաստանի միջև մասնագիտական կապերի ամրապնդմանը, որոնք հետագայում կարող են վերածվել համատեղ մեդիանախագծերի, կրթական նախաձեռնությունների և երկարաժամկետ համագործակցության», — նշել է Դիանա Խոդերյանը։
Մասնակիցներն այցելել են նաև «Ռոսիա» ազգային կենտրոնում կայացած «Եվրասիա» միջազգային մրցանակաբաշխության հաղթողների պարգևատրման արարողությանը։ Այս տարի մրցանակը միավորել է աշխարհի 73 երկրից 5500 մասնակցի։ «Ինտերնովոստի» նախագիծն իրականացվում է «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի կողմից 2023 թվականի դեկտեմբերից՝ նպատակ ունենալով բարձրացնել մեդիաոլորտի երիտասարդ մասնագետների մասնագիտական մակարդակը, զարգացնել միջազգային մեդիաերկխոսությունը և ամրապնդել հումանիտար կապերը։







