research
  • 29 Հոկ
  • 2026

ՌՀՀ ներկայացուցիչները ելույթ են ունեցել COP17 համաժողովում

    Ռուս-Հայկական համալսարանի կենսաբժշկության և դեղագործության ինստիտուտը COP17-ի շրջանակում կազմակերպել է «Մեկ առողջություն» հայեցակարգին նվիրված գիտական նիստ:

    Ռուս-Հայկական համալսարանի կենսաբժշկության և դեղագործության ինստիտուտը COP17-ի շրջանակում կազմակերպել է «Մեկ առողջություն» (One Health) հայեցակարգին նվիրված գիտական նիստ՝ ներկայացնելով նաև իր գիտական և կրթական գործունեության հիմնական ուղղությունները։

    Գիտական նիստի ընթացքում ներկայացվել են զեկուցումներ՝ նվիրված էկոլոգիական ռիսկերին, հողերի վիճակին և շրջակա միջավայրի աղտոտմանը։ ՌՀՀ կենսաբժշկության և դեղագործության ինստիտուտի տնօրեն Ռոքսանա Զախարյանը մասնակիցներին ներկայացրել է մարդու առողջության հետ կապված գործոնները, իսկ հողի ուսումնասիրությանն առնչվող զեկուցմամբ հանդես է եկել ՌՀՀ ընդհանուր և դեղագործական քիմիայի ամբիոնի վարիչ Աննա Գրիգորյանը։ Նիստին մասնակցել են նաև Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի և Էկոսֆերային հետազոտությունների ինստիտուտի ներկայացուցիչները։

    Գիտական նիստից բացի՝ ինստիտուտը մասնակցել է COP17-ի ցուցահանդեսային ծրագրին՝ որպես կենսաբազմազանության պահպանմանն աջակցող համալսարանների կոալիցիայի անդամ։ Այս նախաձեռնության շրջանակում ՌՀՀ-ին տրամադրվել է տաղավար, որտեղ աշխատակիցները, ասպիրանտներն ու ուսանողները ներկայացրել են համալսարանի կրթական ծրագրերը և գիտահետազոտական գործունեության հիմնական ուղղությունները։

    Բացի այդ, գիտության և կրթության օրվա շրջանակում ինստիտուտին անհատույց տրամադրվել է WWF-ի տաղավարը՝ գիտակրթական գործունեությունը ներկայացնելու նպատակով։

    Հիշեցնենք, որ COP17-ը՝ Կենսաբանական բազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը, ՄԱԿ-ի միջազգային գագաթնաժողով է, որն անցկացվում է Երևանում՝ հոկտեմբերի 19-ից 30-ը։