research
  • 14 Ապր
  • 2026

Հայաստանի ներքին աուդիտորների ինստիտուտի խորհրդի նախագահ Արա Չալաբյանը հանդես եկավ ՌՀՀ-ում դասախոսությամբ

    Դասախոսության թեման էր` «Կորպորատիվ կառավարում և աուդիտ»:

    Հայաստանի ներքին աուդիտորների ինստիտուտի խորհրդի նախագահ Արա Չալաբյանը Ռուս-հայկական համալսարանում ապրիլի 14-ին հանդես եկավ «Կորպորատիվ կառավարում և աուդիտ» թեմայով դասախոսությամբ:

    Հանդիպման ընթացքում բանախոսը մանրամասն ներկայացրեց կորպորատիվ կառավարման և աուդիտի հիմնական ասպեկտները, բացահայտեց աուդիտորական գործունեության էությունն ու նշանակությունը ժամանակակից կազմակերպություններում, ինչպես նաև անդրադարձավ աուդիտի կոմիտեի դերին և գործառույթներին։ Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց արտաքին և ներքին աուդիտի տարբերություններին, ներքին աուդիտի ժամանակակից ստանդարտներին (GIAS) և ոլորտում մասնագիտական որակավորումների պահանջներին։

    Արա Չալաբյանի խոսքով՝ արտաքին և ներքին աուդիտը, չնայած իրենց խնդիրների տարբերությանը, հանդիսանում են վերահսկողության համակարգի փոխլրացնող բաղադրիչներ․ «Արտաքին աուդիտը միտված է ֆինանսական հաշվետվությունների հավաստիության հաստատմանը և հիմնվում է միջազգային ստանդարտների վրա, ինչպիսիք են IFRS-ը, մինչդեռ ներքին աուդիտը ուղղված է գործընթացների արդյունավետության գնահատմանը, ռիսկերի կառավարմանը և կազմակերպության գործունեության կատարելագործմանը։ Միևնույն ժամանակ, երկու ուղղություններն էլ հիմնվում են ընդհանուր սկզբունքների վրա՝ անկախություն, մասնագիտական բարձր մակարդակ, օբյեկտիվություն, գաղտնիություն, էթիկայի և ստանդարտների պահպանում՝ ապահովելով կազմակերպության գործունեության թափանցիկությունն ու հուսալիությունը»։

    Ինչպես նշեց բանախոսը, «եթե մասնագետը չունի համապատասխան որակավորում, նա չի կարող իր աշխատանքը կատարել պատշաճ մակարդակով։ Աուդիտը պետք է հաշվետու լինի ոչ թե գործադիր մարմնին, այլ կառավարման ավելի բարձր օղակին, որը ապահովում է դրա անկախությունը։ Կազմակերպության կառուցվածքում աուդիտը այն ստորաբաժանումներից է, որի համար չափազանց կարևոր է, որ ղեկավարությունը ապահովի անհրաժեշտ ռեսուրսներ և երաշխավորի բավարար անկախության մակարդակ, այդ թվում՝ հաշվետվությունների պատրաստման գործընթացում»։