- 06 Նոյ
- 2026
«Ասիական վագրերից» մինչև համաշխարհային ճգնաժամեր․ ՌՀՀ-ն և ՍՊՊՀ-ն գործարկել են համատեղ առցանց դասընթաց համաշխարհային տնտեսության վերաբերյալ
Ծրագիրը ներառում է հինգ թեմատիկ բաժին և համադրում տեսադասախոսությունները, լրացուցիչ նյութերն ու գործնական առաջադրանքները։
«Բաց կրթություն» ազգային հարթակում հասանելի է դարձել «Ժամանակակից համաշխարհային տնտեսություն» առցանց դասընթացը, որը մշակել են Պետրոս Մեծի անվան Սանկտ Պետերբուրգի պոլիտեխնիկական համալսարանի և Ռուս-Հայկական համալսարանի դասախոսները։
Դասընթացը ներկայացնում է համաշխարհային տնտեսության զարգացման հիմնական միտումները՝ տնտեսական աճի տեսություններից և համաշխարհային ճգնաժամերի պատճառներից մինչև ազգային տնտեսությունների հաջողության գործոններն ու ասիական երկրների զարգացման փորձը։ Ծրագիրը ներառում է հինգ թեմատիկ բաժին և համադրում տեսադասախոսությունները, լրացուցիչ նյութերն ու գործնական առաջադրանքները։ Ավարտական թեստը հաջողությամբ հանձնելուց հետո մասնակիցները ստանում են հավաստագիր։
ՌՀՀ-ի կողմից դասընթացի մշակմանը մասնակցել է տնտեսագիտության և ֆինանսների ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Մարիամ Ոսկանյանը, իսկ ՍՊՊՀ-ի կողմից՝ Բարձրագույն ինժեներատնտեսագիտական դպրոցի դոցենտներ Տատյանա Մոկեևան և Քսենիա Եվսեևան։
Նախագիծն իրականացվել է ՌԴ գիտության և բարձրագույն կրթության նախարարության «Սլավոնական համալսարաններ» ծրագրի շրջանակում և դարձել երկու բուհերի միջազգային ակադեմիական համագործակցության զարգացման ևս մեկ քայլ։
Դասընթացն անվճար է, անցկացվում է ռուսերենով և նախատեսված է տնտեսագիտական ու կառավարման մասնագիտությունների ուսանողների, դասախոսների, հետազոտողների, ինչպես նաև համաշխարհային տնտեսությամբ հետաքրքրվող բոլոր անձանց համար։







