- 03 Նոյ
- 2026
ՀՀ նախագահի խորհրդական Դավիթ Հակոբյանը դասախոսություն կկարդա ՌՀՀ ուսանողների համար
Բաց դասախոսությունը տեղի կունենա նոյեմբերի 9-ին՝ ժամը 14:30-ին, ՌՀՀ Կոնֆերանս դահլիճում (նոր մասնաշենք, VI հարկ):
Նոյեմբերի 9-ին՝ ժամը 14:30-ին, ՌՀՀ Կոնֆերանս դահլիճում (նոր մասնաշենք, VI հարկ) տեղի կունենա միջազգային զարգացման և ճգնաժամերի կառավարման փորձագետ, Հայաստանի նախագահի՝ բարդ հակամարտությունների հարցերով ավագ խորհրդական, դոկտոր Դավիթ Հակոբյանի՝ «Առաջնորդությունը ճգնաժամի ժամանակներում. դասեր Աֆղանստանից, Սոմալիից և Սիրիայից» թեմայով բաց դասախոսությունը։
Դավիթ Հակոբյանը 30 տարի աշխատել է Միավորված ազգերի կազմակերպության համակարգում՝ ղեկավար պաշտոններ զբաղեցնելով Եվրոպայի, Ասիայի, Աֆրիկայի, Մերձավոր Արևելքի, Կարիբյան ավազանի և Լատինական Ամերիկայի 15 երկրներում։ Նրա մասնագիտական փորձառությունն ընդգրկում է ճգնաժամերի և զինված հակամարտությունների պայմաններում խաղաղաշինության, պետականաշինության և սոցիալ-տնտեսական զարգացման ոլորտները։ Ներկայումս նա գլխավորում է «ReArmenia» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը, հանդիսանում է Հայաստանի Հանրապետության նախագահի խորհրդականը և մի շարք կազմակերպությունների տնօրենների խորհուրդների անդամ։
Դասախոսության առանցքում կլինեն ինստիտուցիոնալ ճգնաժամի և անորոշության բարձր աստիճանի պայմաններում առաջնորդության առանձնահատկությունները։ Աֆղանստանի, Սոմալիի և Սիրիայի օրինակների հիման վրա բանախոսը կանդրադառնա ճգնաժամային իրավիճակներում որոշումների կայացման, հարմարվողական կառավարման, փոխակերպող առաջնորդության, կայուն և արդյունավետ թիմերի ձևավորման, ինչպես նաև հասարակական վերափոխումներում երիտասարդների և կանանց դերի հարցերին։
Առանձնահատուկ ուշադրություն կդարձվի առաջնորդության և կառավարման միջև առկա տարբերություններին, ինստիտուցիոնալ նորացման հնարավորություններին, ինչպես նաև այն հարցին, թե ինչպես կարող են ճգնաժամերը խթան հանդիսանալ համակարգային փոփոխությունների համար։
Դասախոսությունը մասնակիցներին հնարավորություն կտա ծանոթանալու միջազգային զարգացման և խաղաղաշինության գործնական կողմերին, ինչպես նաև քննարկելու առաջնորդության, պետական կառավարման և միջազգային հարաբերությունների արդիական հիմնախնդիրները։
Դասախոսության լեզուն՝ անգլերեն
Միջոցառումը կազմակերպվել է Միջազգային հարաբերությունների և հասարակա-քաղաքական գիտությունների ինստիտուտի համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների ամբիոնի կողմից։







