research
  • 20 Նոյ
  • 2026

ՌՀՀ ներկայացուցիչները մասնակցել են Դուշանբեում կայացած միջազգային գիտաժողովին

    Նաիրա Դաշյանն ու Արմեն Հակոբյանը ներկայացրել են Հայաստանում կրթության արդիականացման փորձը, մանկավարժական պրակտիկայում կիրառվող ժամանակակից թվային գործիքները և այլն։

    Ռուս-Հայկական համալսարանի «Ուսմունք» դպրոցի տնօրեն, ռուսաց լեզվի և մասնագիտական հաղորդակցության ամբիոնի դոցենտ Նաիրա Դաշյանը և նույն ամբիոնի ավագ դասախոս Արմեն Հակոբյանը նոյեմբերի 3-5-ը մասնակցել են Դուշանբեում՝ Ռուս-Տաջիկական (Սլավոնական) համալսարանում կայացած «Կրթությունը XXI դարում. ռուսաց լեզուն՝ հանուն կայուն ապագայի զարգացման ռազմավարության» միջազգային գիտագործնական գիտաժողովին։ Այն միավորել է Ռուսաստանի, Տաջիկստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և այլ երկրների կրթական ու գիտական համայնքների ներկայացուցիչներին։

    Գիտաժողովի լիագումար նիստում Նաիրա Դաշյանը հանդես է եկել ողջույնի խոսքով՝ ներկայացնելով ՌՀՀ-ն, այնուհետև «Կրթական կազմակերպության կառավարումը ժամանակակից մարտահրավերների համատեքստում» խորագրով մասնագիտական բաժնում ներկայացրել «Կրթական կազմակերպության կառավարումը հանրակրթության պետական չափորոշչի վերափոխման պայմաններում. Հայաստանի Հանրապետության փորձը» զեկուցումը։ Նա նաև վարել է բաժնի աշխատանքները՝ ՌՈՒԴՆ-ի կրթական քաղաքականության վարչության ղեկավար Ալեքսանդրա Վորոբյովայի հետ համատեղ։

    Արմեն Հակոբյանը վարել է գործնական աշխատաժողով՝ նվիրված Google for Education ամպային փաթեթի Gemini Notebook գործիքի կիրառմանը մանկավարժական պրակտիկայում։ Մասնակիցները ծանոթացել են ուսումնական նյութերի պատրաստման, տեղեկատվության մշակման և ուսումնական գործընթացի մեթոդական ապահովման համար ժամանակակից թվային գործիքների կիրառման հնարավորություններին։ ՌՀՀ ներկայացուցիչները մասնակցել են նաև արհեստական բանականության, կրթության թվայնացման և հիբրիդային ուսուցման վերաբերյալ քննարկումների, մեթոդական միջոցառումների ու վարպետության դասերի։

    Գիտաժողովի շրջանակում քննարկվել են նաև ռուսաց լեզվի՝ որպես օտար լեզվի դասավանդման ժամանակակից մոտեցումները, երկլեզու և բազմալեզու միջավայրում կրթության կազմակերպման առանձնահատկությունները և միջազգային գիտամեթոդական համագործակցության հեռանկարները։ ՌՀՀ ներկայացուցիչները կիսվել են համալսարանի փորձով, ծանոթացել միջազգային կրթական նորարարություններին և նախանշել մասնագիտական համագործակցության նոր ուղղություններ։
     
    Գիտաժողովը կազմակերպվել էր Ռուս-Տաջիկական (Սլավոնական) համալսարանի և Պատրիս Լումումբայի անվան Ռուսաստանի ժողովուրդների բարեկամության համալսարանի (ՌՈՒԴՆ) համատեղ ջանքերով։