research
  • 16 Հու
  • 2026

ՌՀՀ ուսանողուհու վավերագրական ֆիլմն արժանացել է մրցանակի Բուլղարիայում անցկացված Golden FEMI փառատոնում

    Կինոնկարը միջազգային ժյուրիի կողմից արժանացել է բարձր գնահատականի՝ իր հզոր մարդկային ուղերձի և գեղարվեստական արժեքի համար։

    Ռուս-Հայկական համալսարանի «Կինոյի և հեռուստատեսության ռեժիսուրա» մասնագիտության ուսանողուհի (Մեդիայի, գովազդի և կինոյի ինստիտուտ, Դավիթ Բաբախանյանի արվեստանոց) Միլենա Հովհաննիսյանը դարձել է Սոֆիայում (Բուլղարիա) մայիսի 23-ից հունիսի 6-ը կայացած «Golden FEMI» հինգերորդ միջազգային կինոփառատոնի մրցանակակիր։

    Միլենա Հովհաննիսյանը ներկայացրել է «Հոգևոր ուժ» վավերագրական ֆիլմը։ Կինոնկարը միջազգային ժյուրիի կողմից արժանացել է բարձր գնահատականի՝ իր հզոր մարդկային ուղերձի և գեղարվեստական արժեքի համար։ Ֆիլմը պատմում է մի մարդու ոգեշնչող պատմություն, որը ողբերգական վթարի հետևանքով կորցրել է ձեռքերը, սակայն կարողացել է հաղթահարել կյանքի ծանր փորձությունները՝ շնորհիվ իր կամքի ուժի, ստեղծագործ մտքի և նպատակասլացության։ Այսօր ֆիլմի հերոսը շարունակում է ակտիվ գործունեություն ծավալել որպես գյուտարար՝ նշանակալի ներդրում ունենալով հասարակության զարգացման գործում։

    «Այս հաղթանակը ևս մեկ կարևոր քայլ է իմ ռեժիսորական գործունեության մեջ։ Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր հավատացին իմ ֆիլմին և օգնեցին, որ այն գտնի իր հանդիսատեսին»,- նշել է Միլենան։

    Հեղինակի անունից մրցանակը հունիսի 6-ին կայացած հանդիսավոր արարողության ընթացքում ստացել է Բուլղարիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Ծովինար Համբարձումյանը։ Իր ելույթում նա շնորհակալություն է հայտնել փառատոնի կազմակերպիչներին և փառատոնի նախագահ Էֆեմիա Ֆարդիին՝ միջմշակութային երկխոսության այս կարևոր հարթակը ստեղծելու համար։ Դեսպանը նաև ընդգծել է կինոյի կարևոր դերը համընդհանուր արժեքների, փոխըմբռնման և մարդկային արժանապատվության նկատմամբ հարգանքի խթանման գործում։

    Նշենք, որ «Golden FEMI»-ն միջազգային կինոփառատոն է, որը նվիրված է շրջակա միջավայրի վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը, սոցիալական ներգրավվածությանը, հասարակության խոցելի խմբերի աջակցությանը, ինչպես նաև կինոյում կանանց դերի և նվաճումների խթանմանը։ Փառատոնը միավորում է հեղինակներին և հանդիսատեսին մարդկային արժանապատվության, համերաշխության և մշակութային երկխոսության արժեքների շուրջ։

    Այս տարի փառատոնի մրցանակակիրների թվում են եղել նաև Արգենտինայի, Ինդոնեզիայի, Լեհաստանի, Լիբանանի, Կիպրոսի, Մոնղոլիայի և Մարոկկոյի կինոգործիչները։