- 09 Հոկ
- 2026
Հարվարդի համալսարանի շրջանավարտ Լին Չենը ՌՀՀ ուսանողներին ներկայացրել է չինարեն սովորելու առանձնահատկությունները
Հատուկ հետաքրքրություն են առաջացրել պրոֆեսոր Լին Չենի՝ միջազգային ակադեմիական փորձի վրա հիմնված խորհուրդները:
Հարվարդի համալսարանի շրջանավարտ, պրոֆեսոր Լին Չենը հոկտեմբերի 3-ին Ռուս-Հայկական համալսարանի ուսանողների համար հանդես է եկել բաց դասախոսությամբ՝ «Չինարենի ուսումնասիրման արդիականությունն ու հիմնական դժվարությունները» թեմայով։
Հանդիպումն անցել է բաց և աշխույժ երկխոսության ձևաչափով․ մասնակիցներն ակտիվորեն ներգրավվել են քննարկմանը, հարցեր ուղղել բանախոսին և ծանոթացել չինարեն սովորելու ժամանակակից մոտեցումներին։ Հատուկ հետաքրքրություն են առաջացրել պրոֆեսոր Լին Չենի՝ միջազգային ակադեմիական փորձի վրա հիմնված խորհուրդները, ինչպես նաև չինարենին վերաբերող արդի ուսումնական և գիտական գրականության ներկայացումը։
«Ուսուցման որակի բարձրացումը մեր առաջնահերթությունն է։ ՌՀՀ Չինարենի և մշակույթի կենտրոնը ձգտում է ընդլայնել չինարեն ուսումնասիրող ուսանողների կրթական հնարավորությունները, նրանց ծանոթացնել նոր մեթոդներին և նպաստել գիտելիքների խորացմանը», — նշել է դասախոսության կազմակերպիչ, Կենտրոնի տնօրեն Նաիրա Գրիգորյանը։
Նշենք, որ միջոցառմանը մասնակցել են Չինարենի և մշակույթի կենտրոնի ունկնդիրները, ինչպես նաև ՌՀՀ «Արտասահմանյան տարածաշրջանագիտություն» և «Լեզվաբանություն» կրթական ուղղությունների ուսանողները։







