- 17 Սեպ
- 2026
Երևանում կկայանա «30 Years of Iran and the Caucasus: A Proud Milestone» խորագրով միջազգային գիտաժողով
Միջոցառումը կանցկացվի սեպտեմբերի 19–21-ը ՌՀՀ-ի Արևելագիտության ինստիտուտի հարթակում։
Հայաստանի, Իրանի, Ռուսաստանի, Չինաստանի, Ֆրանսիայի, Իտալիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Լեհաստանի, Ֆինլանդիայի, Թուրքիայի, Ավստրալիայի և Ճապոնիայի առաջատար գիտնականներ կմասնակցեն «30 Years of Iran and the Caucasus: A Proud Milestone» խորագրով միջազգային գիտաժողովին։ Միջոցառումը՝ նվիրված «Iran and the Caucasus» ակադեմիական ամսագրի 30-ամյակին, կանցկացվի սեպտեմբերի 19–21-ը Երևանում՝ Ռուս-Հայկական համալսարանի Արևելագիտության ինստիտուտի հարթակում։
ՌՀՀ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Գառնիկ Ասատրյանի հիմնադրած և խմբագրությամբ հրատարակվող «Iran and the Caucasus» ամսագիրը, որը լույս է տեսնում Նիդերլանդների Լեյդեն քաղաքում գործող եվրոպական հեղինակավոր Brill ակադեմիական հրատարակչությունում, երեք տասնամյակների ընթացքում դարձել է Արևելքի լայն պատմամշակութային տարածքի, հատկապես իրանա-կովկասյան տարածաշրջանի ուսումնասիրության կարևորագույն միջազգային գիտական հարթակներից մեկը։
Հոբելյանական գիտաժողովը նպատակ ունի ոչ միայն ամփոփելու ամսագրի 30-ամյա գիտական գործունեության արդյունքները, այլև ներկայացնելու տարածաշրջանի ժամանակակից հետազոտությունների արդի վիճակը, նոր հետազոտական մոտեցումներն ու գիտական հետագա երկխոսության հեռանկարային ուղղությունները։
Գիտաժողովի ծրագիրն առանձնանում է թեմատիկ բացառիկ լայն ընդգրկմամբ․ մասնակիցները զեկուցումներով հանդես կգան 16 մասնագիտացված բաժիններում, որոնք ներառում են ժամանակակից արևելագիտության տարբեր ուղղություններ։ Արևելագիտության համար ավանդական լեզվաբանական, պատմագիտական և կրոնագիտական ուսումնասիրություններին զուգահեռ՝ ծրագրում ընդգրկված են նաև հնագիտությունը, տեքստաբանությունը, բանագիտությունը, ազգագրությունը, մարդաբանությունը, ինքնության ուսումնասիրությունները, աշխարհագրությունն ու շրջակա միջավայրի հետազոտությունը, քաղաքական պատմությունն ու աշխարհաքաղաքականությունը։
Գիտաժողովի անցկացումը Երևանում՝ որպես «Iran and the Caucasus» ամսագրի և մի շարք այլ գիտական հրատարակությունների ստեղծման ու զարգացման կարևոր կենտրոնի, ընդգծում է Հայաստանի առանձնահատուկ դերը ժամանակակից արևելագիտության և իրանա-կովկասյան տարածաշրջանի գիտական ուսումնասիրության ոլորտում։
Գիտաժողովի շրջանակներում De Gruyter Brill-ը կկազմակերպի իր հրատարակությունների լայնածավալ ցուցահանդես՝ գիտական պարբերականների, մենագրությունների շարքերի և այլ հրատարակությունների ներկայացմամբ։ Ֆորումի ավարտից հետո ներկայացված բոլոր հրատարակությունները կնվիրաբերվեն Ռուս-Հայկական համալսարանի Արևելագիտության ինստիտուտին։







