- 16 Սեպ
- 2026
ՌՀՀ-ում մեկնարկել է հոգեբանության գործնական դասընթացների շարքը
Ծրագիրն ուղղված է ուսանողների և մագիստրանտների մասնագիտական կարողությունների զարգացմանն ու գործնական հմտությունների կատարելագործմանը։
Ռուս-Հայկական համալսարանում սեպտեմբերի 12-ին կայացել է «Էմոցիոնալ ռեսուրսը՝ որպես հենարան․ աշխատանք մարմնի հետ» թեմայով գործնական վարպետության դասը, որը մեկնարկել է ՌՀՀ-ի Միջազգային հարաբերությունների և հասարակաքաղաքական գիտությունների ինստիտուտի հոգեբանության ամբիոնի նախաձեռնած հոգեբանության գործնական դասընթացների շարքը։ Ծրագիրն ուղղված է ուսանողների և մագիստրանտների մասնագիտական կարողությունների զարգացմանն ու գործնական հմտությունների կատարելագործմանը։
Դասընթացը վարել է հոգեբան, մարմնակողմնորոշված թերապևտ Շուշանիկ Աբրահամյանը (Տվեր), որն ունի 15 տարվա մասնագիտական փորձ։ Մասնակիցները ծանոթացել են մարմնակողմնորոշված թերապիայի հիմունքներին և ինքնազգացողության ու ինքնախնամքի գործնական գործիքներին։
Դասընթացի թեմայի ընտրությունը պատահական չէր․ հոգեբանի համար սեփական հուզական ռեսուրսի պահպանումը, լարվածության նշանների ճանաչումն ու ներքին հավասարակշռության վերականգնումը կարևոր են մասնագիտական կայունության և արդյունավետ աշխատանքի համար։ Դասընթացի ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել մարմնին՝ որպես հենարանի և ռեսուրսի, սեփական վիճակները նկատելու և «այստեղ և հիմա» ինքն իր հետ կապի մեջ մնալու կարողությանը։
ՌՀՀ-ի հոգեբանության ամբիոնի վարիչ Ասյա Բերբերյանի խոսքով՝ հոգեբանների ժամանակակից պատրաստումը ներառում է ոչ միայն հիմնարար տեսական գիտելիքներ, այլև շարունակական գործնական աշխատանք։ Վարպետության դասերի, թրեյնինգների և կլոր սեղանների շրջանակում ուսանողները հնարավորություն կունենան ծանոթանալ հոգեբանական պրակտիկայի ժամանակակից ուղղություններին, յուրացնել մասնագիտական մեթոդներ և գործիքներ, վերլուծել մասնագիտական իրավիճակներ և զարգացնել խորհրդատվական հմտությունները։ Գործնական դասընթացները վճարովի են և նախատեսված են լրացուցիչ գործնական փորձ ձեռք բերելու և ինքնուրույն մասնագիտական գործունեությանը պատրաստվելու մեջ հետաքրքրված ուսանողների համար։







