- 30 Սեպ
- 2026
EFES Insurance ընկերության COO Լևոն Քոչարյանը ուսանողների հետ կկիսվի ծառայությունների առաջխաղացման և հաճախորդների հետ աշխատանքի իր փորձով
Բաց դասախոսությունը կկայանա հոկտեմբերի 7-ին` ժամը 14:30-ին, 419-ը լսարանում:
Հոկտեմբերի 7-ին` ժամը 14:30-ին, 419-ը լսարանում կանցկացվի բաց դասախոսություն՝ «Մարքեթինգը ապահովագրության ոլորտում․ ինչպես հանգստությունն ու վստահությունը վերածել պրոդուկտի» թեմայով։
Լևոն Քոչարյանը EFES Insurance ապահովագրական ընկերության գլխավոր գործառնական տնօրենն է (COO), ապահովագրության ոլորտում PhD և ունի Advanced Diploma in Insurance (CII, Մեծ Բրիտանիա) մասնագիտական որակավորում։ Նա երկար տարիների փորձ ունի Հայաստանի ապահովագրական ոլորտում։ Ներկայում EFES Insurance-ում պատասխանատու է գործառնական գործունեության, ապահովագրական բիզնեսի զարգացման, պրոդուկտային ռազմավարության, մարքեթինգի և հաճախորդների փորձառության համար։
Հանդիպման ընթացքում կքննարկվեն ապահովագրության ոլորտում մարքեթինգի առանձնահատկությունները և այնպիսի պրոդուկտի առաջխաղացման մոտեցումները, որը հնարավոր չէ լիարժեք գնահատել մինչև ապահովագրական դեպքի տեղի ունենալը։ Լևոն Քոչարյանը կներկայացնի, թե ինչպես ձևավորել վստահություն ապահովագրական բրենդի նկատմամբ և ապահովագրությունը դիրքավորել ոչ միայն որպես ֆինանսական ծառայություն, այլև որպես հանգստություն, վստահություն և իսկապես կարևոր բաներով զբաղվելու ազատություն ապահովող պրոդուկտ։
EFES Insurance-ի գործնական փորձի օրինակով կքննարկվեն ապահովագրական պրոդուկտների մշակման, արժեքային առաջարկի ձևավորման, հաճախորդների հետ հաղորդակցության և մրցակցային առավելությունների ստեղծման մոտեցումները մի շուկայում, որտեղ ավանդաբար կարևոր դեր են ունենում գինն ու ապահովագրական ծածկույթը։ Առանձնահատուկ ուշադրություն կդարձվի այն հարցին, թե ինչպես են մարքեթինգը, հաճախորդների փորձառությունն ու սպասարկման որակը միասին ձևավորում ապահովագրական բրենդի ընկալումը և ոչ նյութական խոստումը վերածում սպառողի համար շոշափելի արժեքի։
Դասախոսության լեզուն՝ ռուսերեն։
Միջոցառումը կազմակերպվել է ՌՀՀ Տնտեսագիտության և բիզնեսի ինստիտուտի Կառավարման և բիզնեսի ամբիոնի կողմից։







