- 07 Հոկ
- 2026
ՌՀՀ-ում քննարկեցին լազերային սպեկտրոսկոպիայի տեսական և փորձարարական ասպեկտները
Աշխատաժողովի հիմնական նպատակն էր միավորել տարբեր երկրների գիտնականներին՝ լազերային սպեկտրոսկոպիայի և հարակից ոլորտներում գաղափարների ու արդի ձեռքբերումների փոխանակման համար
«Լազերային սպեկտրոսկոպիայի տեսական և փորձարարական ասպեկտները» թեմայով աշխատաժողովը, որը կազմակերպվել էր հոկտեմբերի 1-ից 6-ը Ռուս-Հայկական համալսարանի և ՀՀ ԳԱԱ Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի կողմից՝ միջազգային գործընկերների մասնակցությամբ, տեղի է ունեցել Երևանում։
Միջոցառման հյուրերին և մասնակիցներին ողջունել են ՌՀՀ գիտության գծով պրոռեկտոր Պարգև Ավետիսյանը, ինչպես նաև ՌՀՀ Մաթեմատիկայի, ֆիզիկայի և բարձր տեխնոլոգիաների ինստիտուտի տնօրեն Ահարոն Ահարոնյանը։
«Ինձ համար մեծ պատիվ է բացել այսօրվա հանդիպումը, որը միավորում է մասնագետների, հետազոտողների, երիտասարդ գիտնականների և ուսանողների, ովքեր աշխատում են լազերային ֆիզիկայի, սպեկտրոսկոպիայի և նյութի հետազոտման ժամանակակից մեթոդների ոլորտում։ Լազերային սպեկտրոսկոպիան այսօր ժամանակակից ֆիզիկայի և հարակից գիտական ուղղությունների կարևորագույն գործիքներից մեկն է։ Դրա մեթոդները թույլ են տալիս բարձր ճշգրտությամբ ուսումնասիրել ատոմների, մոլեկուլների և նյութերի կառուցվածքն ու հատկությունները, հետազոտել հիմնարար ֆիզիկական գործընթացները, ինչպես նաև կիրառություն գտնել ամենատարբեր ոլորտներում՝ քվանտային տեխնոլոգիաներից և չափագիտությունից (մետրոլոգիայից) մինչև քիմիա, կենսաբանություն և բժշկություն», — նշել է ՌՀՀ գիտության գծով պրոռեկտոր Պարգև Ավետիսյանը։
Աշխատաժողովն անցկացվել է պրոֆեսոր Գագիկ Գուրզադյանի, դոցենտ Դավիթ Հայրապետյանի և պրոֆեսոր Մաքսիմ Գելինի նախագահությամբ։
Կայացած աշխատաժողովի հիմնական նպատակն էր միավորել տարբեր երկրների գիտնականներին՝ լազերային սպեկտրոսկոպիայի և հարակից ոլորտներում գաղափարների ու արդի ձեռքբերումների փոխանակման համար, նպաստել միջազգային համագործակցության զարգացմանը, ինչպես նաև աջակցել երիտասարդ հետազոտողներին և ուսանողներին՝ խորացնելու իրենց գիտելիքները և ինտեգրվելու գիտական գործունեությանը։
Նշենք, որ հիմնական նիստերը կայացել են Ռուս-Հայկական համալսարանում, իսկ ծրագրի մի մասն անցկացվել է ՀՀ ԳԱԱ Քիմիական ֆիզիկայի ինստիտուտում։







