- 23 Նոյ
- 2026
Լույս է տեսել «Մաթևոսյանական ընթերցումներ» գիտական հոդվածների ժողովածուն
Ժողովածուն ներառում է հայ ականավոր գրող Հրանտ Մաթևոսյանի ծննդյան 90-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովի նյութերը։
Ռուս-Հայկական համալսարանի հրատարակչությունում լույս է տեսել «Մաթևոսյանական ընթերցումներ» գիտական հոդվածների ժողովածուն >>, որն ամփոփում է ՌՀՀ-ում 2025 թվականի նոյեմբերին անցկացված միջազգային գիտաժողովի նյութերը։ Գիտաժողովը նվիրված էր հայ մեծանուն գրող Հրանտ Մաթևոսյանի ծննդյան 90-ամյակին։
Դեռևս 2010 թվականից Ռուս-Հայկական համալսարանում Հրանտ Մաթևոսյանի ծննդյան հոբելյանական տարեթվերը նշանավորվում են հանրապետական և միջազգային գիտաժողովներով։ Դրանք կարևոր հարթակ են դարձել գրողի ստեղծագործական ժառանգության բազմակողմանի ուսումնասիրության, գիտական նոր մոտեցումների ներկայացման և գրականագիտական ու լեզվաբանական քննարկումների համար։
Ավանդույթի համաձայն՝ յուրաքանչյուր գիտաժողովի արդյունքներն ամփոփվում են գիտական հոդվածների ժողովածուներում, որոնցում գրականության, լեզվի և հարակից ոլորտների մասնագետները ներկայացնում են Մաթևոսյանի ստեղծագործության իրենց դիտարկումները, բացահայտում ստեղծագործությունների խորքային շերտերը, ենթատեքստերն ու խոսքի նրբերանգները։ «Մաթևոսյանական ընթերցումներ» խորագիրը կրող նոր ժողովածուն շարունակում է այս կարևոր գիտական նախաձեռնությունը՝ մեկտեղելով տարբեր մասնագետների ուսումնասիրություններն ու մեկնաբանությունները և ևս մեկ անգամ ընդգծելով Հրանտ Մաթևոսյանի գրական ժառանգության արդիականությունն ու անսպառ գիտական հետաքրքրությունը։
Ժողովածուն արժեքավոր ներդրում է մաթևոսյանագիտության զարգացման և հայ գրականության մեծանուն ներկայացուցիչներից մեկի ստեղծագործական ժառանգության ուսումնասիրման գործում։







