research
  • 20 Նոյ
  • 2026

ՌՀՀ-ում անցկացվել է «Հաշմանդամությունը մարդու իրավունքների տեսանկյունից» թեմայով թրեյնինգ-քննարկում

    Որպես բանախոս հանդես է եկել կույր և թույլ տեսողություն ունեցող անձանց իրավունքների հարցերով փորձագետ Սիփան Ասատրյանը։

    «Հաշմանդամությունը մարդու իրավունքների տեսանկյունից» թեմայով հանդիպումը տեղի է ունեցել Ռուս-Հայկական համալսարանում նոյեմբերի 20-ին։ Որպես բանախոս հանդես է եկել կույր և թույլ տեսողություն ունեցող անձանց իրավունքների հարցերով փորձագետ Սիփան Ասատրյանը։

    Քննարկման ընթացքում փորձագետը ՌՀՀ իրավաբանության և լրագրության ուսանողների հետ անդրադարձել է հաշմանդամության վերաբերյալ տարածված կարծրատիպերին և պատկերացումներին, հաշմանդամություն ունեցող անձանց առջև ծառացած խոչընդոտներին, ինչպես նաև պատշաճ հաղորդակցության հարցերին։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել լեզվին և ձևակերպումներին՝ ընդգծելով «հաշմանդամություն ունեցող անձ» արտահայտության կիրառման կարևորությունը, որը ուշադրության կենտրոնում առաջին հերթին դնում է անձին։

    Հանդիպումը ներառել է ոչ միայն հիմնական հարցերի քննարկում, այլև գործնական վարժություններ։ Մասնակիցները վերլուծել են հորինված իրավիճակներ, ուսումնասիրել և խմբագրել մեդիա քեյսեր, որոշել, թե հաշմանդամություն ունեցող անձանց որ իրավունքները կարող են խախտվել իրավական տեսանկյունից։

    Քննարկումը վարել է ՌՀՀ լրագրության ամբիոնի վարիչ Մարինա Ալեքյանը։

    Նշենք, որ հանդիպումը կազմակերպվել էր Ռուս-Հայկական համալսարանի և «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» հասարակական կազմակերպության կողմից՝ դեկտեմբերի 3-ին նշվող Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվան ընդառաջ։