- 03 Հու
- 2026
ՌՀՀ ներկայացուցիչները մրցանակների են արժանացել Երևանի միջազգային կարճամետրաժ ֆիլմերի փառատոնում
Այս տարի փառատոնն ընդլայնեց իր աշխարհագրությունը՝ կինոդիտումներ և քննարկումներ իրականացնելով ինչպես Երևանում, այնպես էլ Գյումրիում։
Ռուս-Հայկական համալսարանի կինոյի և հեռուստատեսության ամբիոնի շրջանավարտն ու ուսանողուհին ընդգրկվել են Երևանի միջազգային կարճամետրաժ ֆիլմերի IX փառատոնի (YSFF) հաղթողների թվում։ Փառատոնի փակման և մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ Գյումրու պատմական «Հոկտեմբեր» կինոթատրոնում։
Այս տարի փառատոնն ընդլայնեց իր աշխարհագրությունը՝ կինոդիտումներ և քննարկումներ իրականացնելով ինչպես Երևանում, այնպես էլ Գյումրիում։ YSFF 2026-ը սահմանեց մասնակցության նոր ռեկորդ՝ ներգրավելով հայտեր աշխարհի 95 երկրի կինոգործիչներից։ Փառատոնի միջազգային կարճցուցակում (shortlist) ընդգրկվել էին 22 երկրի 24 խաղարկային ֆիլմեր։
Ազգային մրցույթի «Լավագույն կարճամետրաժ գեղարվեստական ֆիլմ» հեղինակավոր անվանակարգում հաղթող ճանաչվեց «Ռոբինզո՞ն» ֆիլմը։ Կինոնկարի ռեժիսորն է Ռուս-Հայկական համալսարանի «Կինոյի և հեռուստատեսության ռեժիսուրա» կրթական ծրագրի շրջանավարտ, Էդգար Բաղդասարյանի արվեստանոցի սան Մարիաննա Մովսեսյանը։
«Մենք արդեն հաղթել ենք միջազգային փառատոներում, բայց տանը հաղթելը շատ բան է նշանակում ինձ և մեր ամբողջ թիմի համար։ Շատ շնորհակալ ենք փառատոնին, հանդիսատեսին և ժյուրիին՝ բոլոր նրանց, ովքեր տեսան ու բարձր գնահատեցին մեր աշխատանքը», — նշեց Մարիաննա Մովսեսյանը։
Փառատոնի տնօրենի հատուկ մրցանակին արժանացավ «Կյանքը շարունակվում է» ֆիլմը, որի հեղինակն է Ռուս-Հայկական համալսարանի «Կինոյի և հեռուստատեսության ռեժիսուրա» կրթական ծրագրի երրորդ կուրսի ուսանողուհի, Աշոտ Գևորգյանի արվեստանոցի սան Մերի Վարդանյանը։
«Ֆիլմս առաջին անգամը չէ, որ փառատոնի է մասնակցում, բայց հենց այստեղ հասկացա՝ իմ ստեղծածը պարզապես աշխատանք չէ․ այն ինձ համար շատ կարևոր է, ինչպես սեփական բալիկը», — իր տպավորություններով կիսվեց Մերի Վարդանյանը։
Նշենք, որ փառատոնն անցկացվում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։







