- 05 Օգո
- 2022
Անի Փաշայան․ «Մենք ունենք փայլուն ուսանողներ, որոնք կարող են մրցել հայաստանյան ցանկացած բուհի լավագույն ուսանողների հետ հայերենի իմացությամբ»։
Մեր զրուցակիցն է ՀՌՀ-ի հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ, գրականագետ, խմբագիր Անի Փաշայանը։
Անի Փաշայանը հայ գրականագետ, այվազյանագետ, խմբագիր, լրագրող, բանասիրական գիտությունների թեկնածու, ԱՄՆ-ի հայ գրողների միության պատվավոր անդամ, Հանրային խորհրդի մշակույթի ենթահանձնաժողովի անդամ է, ինչպես նաև Հայ-Ռուսական համալսարանի հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչն է:
Տիկին Փաշայանի հետ զրուցեցինք ՀՌՀ-ում աշխատելու իր ընտրության, ուսումնական գործընթացի, ուսանողների՝ հայերենին տիրապետելու, տարիներ շարունակ հայագիտության ամբիոնում կատարվող փոփոխությունների և հետագա պլանների մասին։
Այս հարցազրույցում մենք կփորձենք կոտրել այն կարծրատիպը, թե Հայ-Ռուսական համալսարանի ուսանողները թերի են տիրապետում հայոց լեզվին։
- Ի՞նչ ընտանիքում եք ծնվել, ի՞նչ ազդեցություն է ունեցել այն Ձեր կյանքի վրա:
- Ծնվել եմ մտավորականների ընտանիքում: Ծնողներս քիմիկոսներ են, գիտնականներ: Հայրս նաև հայագետ է, ունի բավականին շատ ուսումնասիրություններ և մենագրություններ: Մայրս երկար տարիներ զբաղվել է ուսուցչությամբ: Հայրական պապս լեզվաբան էր՝ բարբառագետ, մայրական պապս և տատս ստեղծագործում էին: Կարող եմ ասել, որ ես ծնվել եմ ստեղծագործական ընտանիքում: Մեր տանը միշտ տեսել եմ նշանավոր մարդկանց, սովորել նրանցից: Նրանք ազդել են իմ մտածողության ձևավորման վրա: Տարիների հեռվից՝ այսօր, ես այդ շփումներեն ավելի ու ավելի եմ արժևորում:
- Ինչպե՞ս հետաքրքրություն առաջացավ ապագա մասնագիտության հանդեպ. միգուցե ինչ-որ մեկն իր մասնակցությու՞նն է ունեցել այս հարցում:
- Ես երկու մասնագիտություն ունեմ՝ երաժշտությունը, մասնավորապես դաշնակահարի մասնագիտությունը և բանասիրությունը: Վերջինը ձևավորվել է դեռ մանկությունից, երբ հայրս ինձ պատմում էր մեր էպոսը, ծանոթացնում Թումանյանի ու Աղայանի ստեղծագործությունների հետ: Գրականությունն ինձ միշտ ուղեկցել է: Միշտ հատուկ եմ պատրաստվել հայ գրականության դասերին: Ինձ հետաքրքրում էին բոլոր մանրամասները՝ կապված գրողի ոչ միայն ստեղծագործությունների, այլ նաև անձնական կյանքի մասին: Ես պրպտում և գտնում էի ամեն ինչ նրա կյանքի, ճամփորդությունների, հաջողությունների ու ձախորդությունների մասին: Երևի թե դա էր հենց այն սկիզբը, որը կարևոր դեր պիտի խաղար իմ կյանքում: Կարդում էի «Գրական տեղեկատու». անսովոր է, չէ՞, որ 6-րդ դասարանում աշակերտը հանձնարարվող գրականության հետ միասին կարդա այդպիսի գիրք: Ես ճանաչում էի ու գիտեի բոլոր հայ գրողներին դեմքով, կենսագրությամբ: Հետագայում, իհարկե, նրանցից շատերին ես տեսա իրական կյանքում: Նրանք ներկայանում էին՝ չիմանալով, որ ես վաղուց «գիտեմ» իրենց…
- Ինչպե՞ս որոշեցիք դասավանդել հենց ՀՌՀ-ում, ի՞նչ փոփոխություններ եք նկատում Ձեր ամբիոնում դասավանդելու առաջին օրից մինչ այսօր:
- Ցանկացա աշխատել նորաբաց համալսարանում` իմանալով, թե ով է ղեկավարում այն։ Դա 2002 թվականն էր. հայոց լեզվի և գրականության ամբիոնում սկսեցի աշխատել` որպես ավագ դասախոս, իսկ հետո` որպես դոցենտ։ Այս տարիների ընթացքում շատերը հեռացան, եկան նոր դասախոսներ։ Վերջին տարիներին փոխեցինք ծրագիրը, որը հիմնականում միջմշակութային է։ Այս դեպքում ավելացավ ուսանողների հետաքրքրությունը առարկայի հանդեպ։ Ուսանողը այս առարկայի ուսուցման ընթացքում նաև լրացնում է այն բացը, որն ունեցել է դպրոցում։ Մենք գիտելիք ենք հաղորդում, կրթում մշակութային չափորոշիչներով։ Այսինքն, նա զարգացնում է մշակութային աշխարհայացքը` հընթացս լրացնելով լեզվի իմացությունը:
- ՀՌՀ և հայագիտության ամբիոն. ի՞նչ քայլեր են ձեռնարկվում ամբիոնի նշանակալիությունն ու առհասարակ՝ համալսարանում հայկականը պահպանելու և զարգացնելու ուղղությամբ:
- Մեր համալսարանը ներկայանում է երկու մշակութային տեսադաշտով: Այդ մշակույթները դարեր շարունակ ունեցել են հարաճուն տարատեսակ կապեր, մեծ բարեկամություն: Որպես հայագիտական ամբիոն՝ մենք, առաջին հերթին, օգնում ենք, որ ուսանողը, որ եկել է ԱՊՀ երկրներից, և ոչ միայն, հայերեն սովորի: Յուրաքանչյուրը սովորում է այնքան, որքան կարող է: Եվ մենք օգնում ենք ամեն առումով: Հիմքում կամեցողությունն է, հայաստանագիտության շերտերը նրանց մատուցելը: Ունենք հատուկ ծրագրեր, որոնք լրամշակվում և հղկվում են, ավելանում են թեմաները, հանում ենք ավելորդը, գրվում են դասագրքեր: Կազմակերպում ենք հայագիտական միջոցառումներ, ունենք «Ռուբեն Սևակ գրական ակումբ», որի մասնակիցները մեր շնորհալի ուսանողներն են: Ունենք նաև ՀՌՀ ստեղծագործողների ֆեյսբուքյան էջ: Ունենք նաև «Դասընթացից դուրս» ծրագիր, որի շրջանակներում մեր դասերն անցկացնում ենք հայագիտական կենտրոններում, տուն-թանգարաններում:
- Արդյո՞ք հայկական և ռուսական բաժնի ուսանողերի ներգրավվածությունը ձեր դասապրոցեսին նույնն է: Եթե ոչ, ապա ինչո՞վ է երկու բաժինների ուսանողների հետաքրքրաշարժությունը ձեր առարկայի հանդեպ իրարից տարբերվում:
- Նույնն է բոլոր առումներով։ Ո՞վ ասաց, որ հայկական բաժնում սովորողը հայոց լեզվի և հայ գրականության առարկաներից փայլում է։ Ծրագիրը նույնն է, մենք չենք առանձնացնում։ Շահեկան է այն, որ հայկական բաժնում սովորողը խորացնում է իր գիտելիքը ռուսաց լեզվից։
- Ինչպիսի՞ խնդիրների են բախվում հայագիտության ամբիոնի դասախոսներն հայոց լեզու դասավանդելիս այն ուսանողներին, ովքեր չունեն հայկական կրթություն։
- Հայկական կրթություն չունենալը ոչ մի կապ չունի կրթական գործընթացի հետ, այստեղ չկան խնդիրներ։ Մենք կատարում ենք մեր աշխատանքն ամենայն սիրով և մասնագիտական հմտությունների կարողությամբ։ Ունենք ուսումնական ծրագիր, որով առաջնորդվում ենք։
- Ճի՞շտ է արդյոք այն կարծրատիպը, որ ՀՌՀ-ի ուսանողները լավ չեն տիրապետում հայոց լեզվին։
- Հետաքրքիր հարց է… Ինչպես կյանքում կան անհավասարություններ մարդկանց միջև, այնպես էլ` այս դեպքում։ Յուրաքանչյուրը տիրապետում է այնքան, որքան ջանացել է։ Բայց վստահորեն պիտի ասեմ, որ մենք ունենք փայլուն ուսանողներ, որոնք կարող են մրցել հայաստանյան ցանկացած բուհի լավագույն ուսանողների հետ հայերենի իմացությամբ, և նրանք քիչ չեն։ Ավարտելով ՀՌՀ-ն և անցնելով հայոց լեզու և գրականություն առարկան, մեր ուսանողները, որոնք սկսել են զրոյից` ձեռք են բերում բավարար գիտելիքներ։ Մնացածը կախված է անհատից։ Հետաքրքրված, աշխատասեր և դասերից չբացակայող ուսանողը, բնականաբար, կտիրապետի գիտելիքի ավելի մեծ պաշարի։
- Հետագա ի՞նչ պլաններ ունեք առարկայի ծրագրի փոփոխման, զարգացման, ինչպես նաև ամբիոնի առաջխաղացման համար:
- Ամբիոնն իր առջև մեծ նպատակներ և խնդիրներ է դրել։ Յուրաքանչյուր ուսումնական տարի իրականացնում ենք մեր առջև դրված ծրագրերը։ Դրանք բազմաբնույթ են, որոնց մասին մանրամասնորեն կարելի է խոսել առանձին հարցազրույցի շրջանակներում։
Նենսի Աբրահամյան
(«Լրագրություն», I կուրս)