- 23 Փետ
- 2026
ՌՀՀ աշխատակիցների հոդվածը հրապարակվել է «Կանխատեսման հիմնախնդիրներ» և «Ռուսաստանի տնտեսական զարգացման ուսումնասիրություններ» ամսագրերում
Հոդվածը վերլուծում է Հայաստանի տնտեսական ներուժի փոփոխությունները 2020-2023 թվականներին:
Այս տարվա փետրվարին Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Տնտեսական կանխատեսման ինստիտուտի կողմից հրատարակվող հայտնի «Կանխատեսման հիմնախնդիրներ» գիտական ամսագրում (Ядро РИНЦ), ինչպես նաև դրա անգլալեզու տարբերակ` «Ռուսաստանի տնտեսական զարգացման ուսումնասիրություններ» (Scopus Q3), ամսագրում հրատարակվել է ՌՀՀ Տնտեսագիտության և բիզնեսի ինստիտուտի հեղինակային խմբի (ՌՀՀ ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Էդվարդ Սանդոյան, Տնտեսագիտության տեսության և անցումային շրջանի տնտեսության հիմնախնդիրների ամբիոնի վարիչ, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Իրինա Պետրոսյան, նույն ամբիոնի ավագ դասախոսներ՝ տնտեսագիտության թեկնածու Գարիկ Պետրոսյան, տնտեսագիտության թեկնածու Հեղինե Պետրոսյան, ավագ դասախոս Լիլիա Նաշիկյան և դասախոս, ավագ գիտաշխատող Զինավարդ Պապյան) «2020-2023 թթ. հետո Հայաստանի տնտեսական ներուժի փոփոխությունների գնահատում» թեմայով հոդվածը (https://ecfor.ru/publication/funktsiya-kobba-duglasa-potentsial-armeniya/; https://link.springer.com/article):
Հոդվածում վերլուծվում է Հայաստանի տնտեսական ներուժի փոփոխությունները 2020-2023 թվականներին: Հեղինակները ուսումնասիրել են, թե ինչպես է արտաքին և ներքին ցնցումների համադրությունը ազդել ներուժային արտադրության դինամիկայի և երկարաժամկետ աճը խթանող գործոնների վրա: Ուշադրության կենտրոնում է աշխատանքի, կապիտալի և ընդհանուր գործոնային արտադրողականության ներդրումի գնահատումը` տնտեսական հավասարակշռության նոր մակարդակի ձևավորման գործում: Աշխատանքի նպատակն է դիտարկվող ժամանակահատվածում բացահայտել տնտեսությունում տեղի ունեցած կառուցվածքային տեղաշարժերը, ինչպես նաև որոշել դիտարկվող աճի արագացման կայունությունը: Հատուկ ուշադրություն է դարձվում ներդրումային ակտիվության վերլուծությանը, աշխատաշուկայի փոփոխությունների և տնտեսության ոլորտային կառուցվածքի վերափոխմանը:
Նշենք, որ հոդվածը հրապարակվել է ՀՀ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի` «Արտաքին ցնցումների ուսումնասիրություն և տնտեսական աճի խոչընդոտների հաղթահարման մեխանիզմները» թեմայով ծրագրային-նպատակային ֆինանսավորմամբ իրականացվող նախագծի ուսումնասիրությունների արդյունքներով:







