research
  • 05 Սեպ
  • 2023

Հայ-Ռուսական համալսարանի թիմը հաղթել է "Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր-2023" մրցույթում

    Ծրագրի հիմնական նպատակը Հայաստանի գիտական կազմակերպություններում հեռանկարային, ժամանակակից գիտական ուղղություններով նոր ստորաբաժանումների ստեղծումն է:

    Հայ-Ռուսական համալսարանի հերթական հաղթանակը այս անգամ գրանցվել է ՀՀ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի հայտարարած "Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր-2023" մրցույթում։
     
    ՀՌՀ ծրագրավորման ամբիոնի ղեկավար Սևակ Սարգսյանը ընդգծեց այս բարդ մրցույթում տարած հաղթանակի կարևորությունը։
     
    "Ուրախ ենք տեղեկացնել, որ «Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր-2023» մրցույթի արդյունքում CAST֊ի Մեքենայական ուսուցման թիմը արժանացել է ֆինանսավորման։ Դա լուրջ ձեռքբերում է մեր երիտասարդ թիմի համար, և հետագա հինգ տարիների ընթացքում նրանք արտասահմանից ներգրավված ղեկավարի հետ մի շարք կարևոր և հետաքրքիր խնդիրներ պետք է լուծեն", - նշեց նա։
     
    Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրագործել․
    - Խոսքը տեքստի և տեքստը խոսքի վերածող գործիքների մշակում
    - Միջլեզվային գրագողություններ հայտնաբերող համակարգի ստեղծում
    - Տվյալների հավաքագրման և վերլուծության համակարգերի մշակում։
     
    Հիշեցնենք, որ Գիտության կոմիտեն հայտարարել էր "Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիր-2023" մրցույթը: Ծրագրով արտերկրում աշխատող, բարձր վարկանիշ ունեցող գիտնականները հնարավորություն կունենան հեռավար կարգով ղեկավարել Հայաստանի գիտական կազմակերպություններում ստեղծված գիտական խմբեր/լաբորատորիաներ՝ նորարար հետազոտական գաղափարներ իրականացնելու համար:
     
    Լաբորատորիայի ղեկավարի համար ազգային և տարիքային սահմանափակում չկա, ծրագիրը բաց է բոլոր բնագավառների գիտնականների համար, որոնք վերջին չորս տարվա ընթացքում 12 ամսից ավելի չեն ապրել Հայաստանում:  Խմբի ղեկավարի համար նախատեսված է հոնորար՝ գործուղումով ՀՀ-ում գտնվելու ժամանակահատվածի համար՝ մինչև 3 միլիոն դրամ նախագծի կատարման ողջ ընթացքում։
     
    Լաբորատորիան պետք է ունենա մինչև 40 տարեկան համաղեկավար, որը Հայաստանում համակարգելու է 2-5 հոգուց բաղկացած խմբի աշխատանքը:  Իսկ խմբի կատարողների համար աշխատանքի վարձատրության միջին չափը սահմանվել է ամսական միջինը 300 հազար դրամ:
     
    Բացի այդ, գումարներ են նախատեսված նաև լաբորատորիայի ենթակառուցվածքի բարելավման, գործուղումների, սարքերի, նյութերի և ծառայությունների, փորձարարական հետազոտությունների համար:
     
    Ծրագրի հիմնական նպատակը Հայաստանի գիտական կազմակերպություններում հեռանկարային, ժամանակակից գիտական ուղղություններով նոր ստորաբաժանումների ստեղծումն է: Հինգ տարի տևողությամբ ծրագրի համար նախատեսվում է տրամադրել մինչև 150 միլիոն ՀՀ դրամ:
     
     «Հեռավար լաբորատորիաների հիմնադրման ծրագիրն» առաջին անգամ հայտարարվել է 2022 թվականին, արդյունքում ֆինանսավորման է երաշխավորվել 18 գիտական թեմա: