- 26 Մար
- 2026
ՌՀՀ դասախոս Նաիրա Իսկանդարյանը հանդես եկավ զեկուցմամբ ՄՄՀ գիտաժողովին
Մասնակիցները քննարկեցին լեզուների ուսումնասիրման միջառարկայական ասպեկտները, երիտասարդության դաստիարակության մանկավարժական մոտեցումները և մշակույթների փոխգործակցության ամրապնդումը բազմաբևեռ աշխարհի ձևավորման պայմաններում։
Ռուս-Հայկական համալսարանի Հայոց լեզվի և գրականության ամբիոնի դոցենտ Նաիրա Իսկանդարյանը մասնակցեց Մոսկվայի մանկավարժական համալսարանի օտար լեզուների ինստիտուտի կողմից մարտի 2–6-ը կազմակերպված «Մշակույթների երկխոսություն։ Երկխոսության մշակույթ. բազմաբևեռ աշխարհի արժեքները» խորագրով V միջազգային գիտաժողովին։
Միջոցառումը համախմբել էր լեզվաբանության, մանկավարժության և սոցիոմշակութային հետազոտությունների ոլորտների դասախոսների և փորձագետների՝ քննարկելու լեզուների ուսումնասիրման միջառարկայական ասպեկտները, երիտասարդության դաստիարակության մանկավարժական մոտեցումները և մշակույթների փոխգործակցության ամրապնդումը բազմաբևեռ աշխարհի ձևավորման պայմաններում։
Գիտաժողովի շրջանակներում Նաիրա Իսկանդարյանը հանդես եկավ զեկուցմամբ՝ «Երկխոսության դերը ընդհանուր մշակութային տարածքի ձևավորման մեջ. Հայաստանում ռուս ռելոկանտների հաղորդակցական ադապտացիան (2022–2025 թթ.)» թեմայով։ Իր հետազոտության մեջ նա ներկայացրեց Հայաստանի Հանրապետություն տեղափոխված Ռուսաստանի քաղաքացիների հաղորդակցական ադապտացիայի մեխանիզմները՝ դիտարկելով երկխոսությունը որպես սոցիոմշակութային խոչընդոտների հաղթահարման և երկմշակութային միջավայրի ձևավորման առանցքային գործիք։ Առանձնահատուկ ուշադրություն էր դարձվել լեզվամշակութային գործոններին, այդ թվում՝ լեքսիկական լակունաներին, առանցքային հասկացությունների իմաստային տարբերություններին և հաղորդակցական նորմերի անհամընկնումներին։
«Գիտաժողովի մասնակցությունը դարձավ նշանակալի մասնագիտական իրադարձություն՝ ընձեռելով սեփական հետազոտությունը ներկայացնելու և տարբեր երկրների գործընկերների տեսակետներին ծանոթանալու բացառիկ հնարավորություն։ Այն թույլ տվեց խորապես ընկղմվել երկխոսության մշակույթի մեջ։ Գիտաժողովի ընթացքում քննարկվեցին բազմաբևեռ աշխարհի արդիական հարցերը։ Հատկանշական է, որ բազմաբևեռ աշխարհը պահանջում է զգայուն մոտեցում ավանդույթների նկատմամբ, և գիտաժողովը լիարժեքորեն բացահայտեց այս թեման»,– նշել է Իսկանդարյանը։
Գիտաժողովի շրջանակներում անցկացվել է նաև «Միջմշակութային երկխոսության հիմքերը ազգային լեզվամշակույթների տեսանկյունից» որակավորման բարձրացման դասընթացը, որը նվիրված էր միջմշակութային հաղորդակցության արդի գործիքներին։ Առաջատար փորձագետների դասախոսություններն ու կլոր սեղանները հնարավորություն տվեցին նորովի ըմբռնելու մշակույթների երկխոսության թեման։







