- 08 Հու
- 2026
ՌՀՀ թիմը հաղթել է Սահմանադրական արդարադատության և խոսքի ազատության վերաբերյալ դատախաղ-մրցույթում
Այսպիսի ձևաչափով դատախաղ-մրցույթն անցկացվել էր առաջին անգամ և կկրի շարունակական բնույթ։
Սահմանադրական արդարադատության և խոսքի ազատության վերաբերյալ դատախաղ-մրցույթի արդյունքներով Ռուս-Հայկական համալսարանը ներկայացնող «Արատտա» թիմը ճանաչվել է հաղթող։ Թիմը հաղթել է նաև «Լավագույն գրավոր պատասխան» անվանակարգում։ Դատախաղի բանավոր լսումների փուլը կայացել էր մայիսի 29-30 ՀՀ Սահմանադրական դատարանում:
Հաղթող թիմի կազմում էին Ռուս-Հայկական համալսարանի Իրավունքի ինստիտուտի ուսանողներ Նարեկ Բալյանը, Արթուր Յոլչյանը և Ռոման Բեգլարյանը։
Դատախաղ-մրցույթի շրջանակում կազմակերպվել էր երկօրյա աշխատաժողով, որի նպատակն էր նպաստել սահմանադրական արդարադատության, արտահայտվելու ազատության և դատախաղերում հանդես գալու վերաբերյալ մասնակիցների հմտությունների զարգացմանը։ Այնուհետև, բանավոր լսումների փուլում մասնակիցները հնարավորություն են ունեցել կիրառել հավաքագրած տեսական գիտելիքները գործնականում։
«Մասնակցությունը Սահմանադրական դատարանի ձևաչափով և խոսքի ազատության թեմատիկայով խաղարկային դատական գործընթացին (մութ-քորթին) բարդ դոկտրինալ բախումների համալիր վերլուծության բարձր ինտենսիվության փորձառություն էր: Սահմանադրական դատավարության սպեցիֆիկան փաստերի հաստատումից շեշտադրումը տեղափոխեց իրավական հավասարակշռության որոնման վրա` ինքնարտահայտման հիմնարար իրավունքի և պետության սահմանադրական նշանակություն ունեցող շահերի միջև, ինչպիսիք են ազգային անվտանգությունը և հասարակական կարգը: Այս փորձառության մասնագիտական արժեքը ձևավորվեց երկու հիմնական փուլերի համակցության (սիներգիայի) շնորհիվ. միջազգային և ազգային դատական պրակտիկայի հիման վրա գրավոր հուշագրերի կազմման ընթացքում իրականացված մասշտաբային վերլուծական աշխատանքի, ինչպես նաև փորձագետների կոլեգիայի առջև բանավոր բանավեճերի», - նշեց Նարեկ Բալյանը:
Այսպիսի ձևաչափով դատախաղ-մրցույթն անցկացվել էր առաջին անգամ և կկրի շարունակական բնույթ։ Այն իրականացվել է ՀՀ սահմանադրական դատարանի, Եվրոպայի խորհրդի և Հայաստանի միջազգային իրավունքի միության համագործակցության արդյունքում։







