- 27 Հու
- 2026
Հիշատակի օր
ՌՀՀ ուսանողները, դասախոսներն ու աշխատակիցները՝ համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Էդվարդ Սանդոյանի գլխավորությամբ, ծաղիկներ խոնարհեցին Արցախյան երկրորդ պատերազմում զոհված ՌՀՀ ուսանողների և շրջանավարտների հիշատակին նվիրված հուշարձանին։
Ռուս-Հայական համալսարանի ուսանողները, դասախոսներն ու աշխատակիցները՝ համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Էդվարդ Սանդոյանի գլխավորությամբ, հունվարի 27–ին ծաղիկներ խոնարհեցին Արցախյան երկրորդ պատերազմում զոհված ՌՀՀ-ի ուսանողների և շրջանավարտների հիշատակին նվիրված հուշարձանին։ Հիշատակի միջոցառմանը մասնակցեցին նաև հերոսների ծնողներն ու ընկերները։
ՌՀՀ-ի ռեկտոր Էդվարդ Սանդոյանը նշեց, որ համալսարանը մեծ ակնածանքով է պահպանում հայրենիքի համար կյանքը զոհաբերած իր ուսանողների և շրջանավարտների հիշատակը՝ ընդգծելով, որ նրանց սխրանքը հավերժ կմնա որպես բարոյական ուղենիշ ապագա սերունդների համար:
Հիշատակի օրվա շրջանակում ծնողները, ուսանողները և դասախոսները այցելեցին նաև Լեոնիդ Ազգալդյանի անվան հուշալսարան, այնուհետև «Եռաբլուր» զինվորական պանթեոն, որտեղ խոնարհվեցին հայրենիքի պաշտպանների հիշատակի առաջ։
Զոհվածների ծնողները իրենց երախտագիտությունն արտահայտեցին ՌՀՀ-ի ղեկավարությանը և պրոֆեսորադասախոսական կազմին՝ հերոսների հիշատակը պահպանելու համար՝ նշելով, որ իրենց ընտանիքների համար չափազանց կարևոր է տեսնել, որ իրենց որդիների սխրանքը չի մոռացվում և շարունակում է ապրել մարդկանց սրտերում։
Այդ օրը ներկայացվեց նաև «Մեզ բացակա չդնեք» գիրքը, որը նվիրված է 2020–2023 թվականների ռազմական գործողությունների ընթացքում զոհված ուսանողների հիշատակին։
Հիշեցնենք, որ հունվարի 27-ը Հայաստանում հայտարարված է Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր:







