research
  • 21 Հոկ
  • 2026

ՌՀՀ-ում նշվել է Թարգմանչաց տոնը

    Միջոցառումը համախմբել է թարգմանությամբ, լեզվաբանությամբ և բանասիրությամբ հետաքրքրված ուսանողներին:

    Թարգմանչաց տոնը նշվել է Ռուս-Հայկական համալսարանի Ռուսագիտության կենտրոնում հոկտեմբերի 13-ին։ ՌՀՀ բանասիրության և միջմշակութային հաղորդակցության ինստիտուտի ռուսաց լեզվի և մասնագիտական հաղորդակցության ամբիոնի կազմակերպած միջոցառումն անցկացվել է չորրորդ անգամ և այս տարի նվիրված էր արհեստական բանականության դարաշրջանում թարգմանությանը։

    Միջոցառման ընթացքում քննարկվել են թարգմանչական գործունեության մեջ մասնագիտական վարպետության, ստեղծագործականության և ժամանակակից տեխնոլոգիաների փոխհարաբերությունը, ինչպես նաև արհեստական բանականության կիրառման հնարավորություններն ու սահմանափակումները։

    Գործնական հատվածում մասնակիցները համեմատել են Պարույր Սևակի «Դու» բանաստեղծության՝ մարդու կողմից կատարված և արհեստական բանականության ստեղծած թարգմանությունները՝ քննարկելով իմաստի, բանաստեղծական պատկերների և հնչերանգի փոխանցման ճշգրտությունը։

    Միջոցառման շրջանակում ներկայացվել է նաև «Թարգմանագիտություն․ հավերժական խնդիրներ և նոր մարտահրավերներ» խորագրով դասախոսություն՝ անդրադառնալով թարգմանչի մասնագիտության փոփոխություններին, մեքենայական թարգմանության հնարավորություններին և միջմշակութային հաղորդակցության առանձնահատկություններին։

    Միջոցառումը համախմբել է թարգմանությամբ, լեզվաբանությամբ և բանասիրությամբ հետաքրքրված ուսանողներին՝ ստեղծելով լեզվի, մշակույթի և ժամանակակից տեխնոլոգիաների փոխազդեցության շուրջ քննարկումների հարթակ։ Հատուկ ընդգծվել է մարդկային ստեղծագործականության, մասնագիտական պատասխանատվության և միջմշակութային հաղորդակցության մեջ մարդու անփոխարինելի դերը։