research
  • 01 Սեպ
  • 2026

ՌՀՀ-ում նշեցին Գիտելիքի օրը

    Տոնական միջոցառումը համախմբեց աշակերտներին ու ուսանողներին, նրանց ծնողներին և ընկերներին։

    Սեպտեմբերի 1-ին Ռուս-Հայկական համալսարանում նշեցին նոր ուսումնական տարվա սկիզբը, որը կպարգևի ավելի շատ գիտելիքներ, հմտություններ, փորձ և նոր հնարավորություններ, ինչպես նաև նոր ընկերներ ու վառ հիշողություններ։

    Այս օրը ՌՀՀ-ում առաջինը դիմավորեցին «Ուսմունք» դպրոցի աշակերտները՝ ուրախ պարերով, երգերով, առաջին քայլերի հուզմունքով և շրջանավարտների համար առանձնահատուկ, փոքր-ինչ նոստալգիկ տրամադրությամբ։

    Տոնական միջոցառումը համախմբեց աշակերտներին ու ուսանողներին, նրանց ծնողներին և ընկերներին։ Բոլոր ներկաներին ողջույնի խոսք հղեց ՌՀՀ ռեկտոր, ՀՀ և ՌԴ տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Էդվարդ Սանդոյանը։

    Ռեկտորի խոսքով՝ 2026 թվականի ընդունելության արդյունքներով Ռուս-Հայկական համալսարանը 29 տարվա պատմության ընթացքում գրանցել է պատմական ռեկորդ․ բակալավրիատի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի առաջին կուրս է ընդունվել շուրջ 2000 ուսանող։

    «Սա շատ լավ է մեզ, ձեզ և առհասարակ համալսարանի հեղինակության համար։ Դեռ մի քանի տարի առաջ մենք հպարտանում էինք, որ համալսարանում սովորում էր շուրջ 4000 մարդ, այնուհետև հաղթահարեցինք 5340 ուսանողի շեմը, իսկ այսօր արդեն ունենք ավելի քան 6000 ուսանող։ Սա նշանակում է, որ մեր համալսարանը դառնում է ավելի ու ավելի պահանջված։ Սա մեծ նշանակություն ունի, քանի որ մեր պրոֆեսորադասախոսական կազմի, դասախոսների և ուսանողների աշխատանքի արդյունքն է, որովհետև մեր ուսումնական գործընթացը ենթադրում է ուսանողների և դասախոսների փոխադարձ համագործակցություն»:

    Նա ընդգծեց, որ աշխարհում նոր տեխնոլոգիաներն այնքան արագ են զարգանում, որ նույնիսկ մեկ տարի առաջ կիրառվող գիտելիքներն ու հմտությունները, հատկապես գիտական հետազոտությունների գործիքները, արդեն կորցնում են իրենց արդիականությունը:

    «Հետևաբար այսօր մենք ուսումնական գործընթացում ներդնում ենք արհեստական բանականության տարրեր և արհեստական բանականության ուսումնասիրմանն ուղղված առարկաներ։ Մենք ձեր կարիքն ունենք, քանի որ նոր սերունդը, որպես կանոն, ավելի առաջադեմ է նոր տեխնոլոգիաների և նորարարությունների ուսումնասիրման ու յուրացման հարցում։ Եվս մեկ անգամ ողջունում և շնորհավորում եմ ձեզ։ Մաղթում եմ հաջող ուսում և ուրախ ուսանողական կյանք, որովհետև մեր համալսարանը միայն ուսումը չէ, այլև շատ վառ ու ակտիվ ուսանողական կյանքը», — շեշտեց ռեկտոր Էդվարդ Սանդոյանը։

    Ռուս-Հայկական համալսարանի ուսանողներին Գիտելիքի օրվա առթիվ շնորհավորեցին նաև պատվավոր հյուրերը։ Առաջին կուրսեցիներին բարեմաղթանքի խոսք հղեց Հայաստանում Ռուսաստանի դեսպանության խորհրդական-դեսպանորդ Դմիտրի Լիցկայը։

    «Դուք մտնում եք ձեր կյանքի նոր փուլ, և հատկապես դա վերաբերում է առաջին կուրսեցիներին։ Ցանկանում եմ մաղթել, որ այն լցված լինի ոչ միայն փորձություններով, ծանրաբեռնվածությամբ և ուսումնական սթրեսով, այլև նոր ընկերների ձեռքբերմամբ, վառ նվաճումներով ու հաղթանակներով։ Ձեզ պատիվ է վիճակվել դառնալ Ռուս-Հայկական համալսարանի ուսանողներ։ Այս բուհը ներդաշնակորեն համատեղում է ինչպես ռուսական, այնպես էլ հայկական բարձրագույն կրթության ավանդույթները»:

    Իր հերթին Հայաստանում Ռուսական տան ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը նշեց, որ ուսանողների բախտը բերել է ռեկտորի հարցում՝ Էդվարդ Սանդոյանին անվանելով փայլուն գիտնական և շախմատիստ։ Նա ռեկտորին մաղթեց բազմաթիվ նոր հաղթանակներ՝ ընդգծելով, որ նրա յուրաքանչյուր հաջողությունը ամբողջ ՌՀՀ-ի հաղթանակն է։

    Հանդիսավոր արարողությունից հետո առաջին կուրսեցիները հանդիպեցին համալսարանի ինստիտուտների տնօրենների և ամբիոնների վարիչների հետ։