
- 15 Դեկ
- 2021
Հիշատակի օր
ՀՌՀ Երախտագիտության պուրակը անվանակոչվել է ՀՀ ԶՈՒ օդաչու Վ․Դանելինի անունով, իսկ պուրակում տեղադրվել է Համալսարանի այն ուսանողների և շրջանավարտների հիշատակին նվիրված հուշարձան, որոնք զոհվել են պատերազմի ընթացքում:
Հայ-Ռուսական համալսարանի Երախտագիտության պուրակը անվանակոչվել է 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված օդաչու Վալերի Դանելինի անունով, իսկ պուրակում տեղադրվել է Համալսարանի այն ուսանողների և շրջանավարտների հիշատակին նվիրված հուշարձան, որոնք զոհվել են պատերազմի ընթացքում: Հուշարձանի բացման արարողությունը տեղի է ունեցել դեկտեմբերի 15-ին:
Դարբինյանը խորհրդանշական է համարել պուրակը Վալերի Դանելինի անունով կոչելը՝ հիշեցնելով, որ Դանելինն ուներ ռուսական արմատներ, հայկական բանակի սպա էր, որի ինքնաթիռը պատերազմի օրերին խոցվել է թուրքական կործանիչի կողմից:
Պրոֆ․ Դարբինյանը վստահեցրեց, որ հուշարձանի բացումն այն նվազագույն քայլն է, որը կարող էր անել համալսարանը։ Նա շեշտեց, որ հիշողությունները, հուշերը կմնան, իսկ ուսանողները տարածքը որպես հուշատեղի կդիտարկեն։
Հուշարձանը նվիրված է ՀՌՀ զոհված շրջանավարտներ և ուսանողներ՝ Ալբերտ Հովհաննիսյանի, Մխիթար Գալեյանի, Վրեժ Ավետիսյանի, Արման Աղվանյանի, Էդուարդ Չիթչյանի, Էրիկ Ազատյանի, Գագիկ Բրսոյանի, Արեգ Բարսեղյանի, Նորայր Մայիլյանի, Տիգրան Շաշիկյանի, Լևոն Խուրշուդյանի, Բենիամին Նալբանդյանի, Գրիգոր Լեմեշկոյի, Վահե Եղիկյանի, Տիգրան Պողոսյանի, Սուրեն Գաբրիելյանի, Կարապետ Բուռնազյանի և Հակոբ Եղիզարյանի հիշատակին։
Հուշարձանի վրա աշխատել են գրեթե մեկ տարի։ Նկարիչը Ռուբեն Արուտչյանն է, քանդակագործը՝ Ռոբերտ Ասկարյանը։
Աղբյուր՝ armenpress.am։
Ֆոտո։ Մ․ Սարկիսով։