research
  • 20 Մար
  • 2026

ՌՀՀ-ում քննարկեցին ուսանողների կարգապահական պատասխանատվության իրավական կարգավորման հիմնահարցերը

    Միջոցառման ընթացքում ներկայացվեցին ոլորտում առկա իրավական կարգավորումները, դրանց կիրառման խնդիրները, ինչպես նաև գիտական վերլուծությունների և միջազգային փորձի հիման վրա առաջարկվող հնարավոր լուծումները։

    Մարտի 20-ին Ռուս-Հայկական համալսարանում տեղի ունեցավ մասնագիտական քննարկում, որը նվիրված է ուսանողների կարգապահական պատասխանատվության իրավական կարգավորման հարցերին։

    Կրթության իրավունքը մարդու հիմնարար իրավունքներից է և միաժամանակ հասարակության ու պետության կայուն զարգացման կարևոր նախապայման։ Կրթության ոլորտի արդյունավետ և իրավաչափ կառավարումը պայմանավորում է ինչպես կրթության սահմանադրական իրավունքի պատշաճ ապահովումը, այնպես էլ հանրային կառավարման համակարգի ամրապնդումը։ Այդ համատեքստում կրթության բնագավառի իրավական հիմնախնդիրների գիտագործնական ուսումնասիրությունը առանձնահատուկ արդիականություն ունի Հայաստանի Հանրապետության համար` հատկապես ոլորտում իրականացվող բարեփոխումների պայմաններում։
     
    Միջոցառման ընթացքում ներկայացվեցին ոլորտում առկա իրավական կարգավորումները, դրանց կիրառման խնդիրները, ինչպես նաև գիտական վերլուծությունների և միջազգային փորձի հիման վրա առաջարկվող հնարավոր լուծումները։ Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց ուսանողների իրավունքների և պարտականությունների հավասարակշռությանը, ինչպես նաև կարգապահական պատասխանատվության միջոցների համաչափության սկզբունքին։
     
    Կլոր սեղանը համախմբեց իրավաբանների, գիտնականների, դասախոսների և ուսանողների՝ նպաստելով կրթության ոլորտի իրավական հիմնախնդիրների շուրջ մասնագիտական երկխոսության զարգացմանը և գիտական համագործակցության ընդլայնմանը։ 

    Նշենք, որ միջոցառումը կազմակերպվել էր ՌՀՀ Իրավունքի տեսության և սահմանադրական իրավունքի ամբիոնի կողմից` «Կրթության բնագավառի հանրային կառավարման իրավական հիմնախնդիրները ՀՀ-ում» գիտական նախագծի շրջանակում (նախագծի ղեկավար՝ ի.գ.դ., պրոֆեսոր Ա. Ղամբարյան)։ Նախագիծն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի աջակցությամբ՝ «Հասարակական գիտությունների, հայագիտության և հումանիտար գիտությունների ոլորտում հետազոտություններ – 2024» ծրագրի շրջանակում (ծածկագիր՝ 24SSAH-5E029)։
     
    Քննարկման շրջանակում ներկայացվեց նաև նախագծի շրջանակում մշակված «Ուսանողների կարգապահական պատասխանատվության իրավական կարգավորման» հայեցակարգը։