- 05 Դեկ
- 2025
ՌՀՀ-ում տեղի ունեցավ «Ժամանակակից ֆիթնեսի մարտահրավերներն ու հնարավորությունները» խորագրով մասշտաբային ֆորում
Սպորտային ոլորտի ավելի քան 170 ներկայացուցիչներ մասնակցել են ՌՀՀ ֆիզիկական դաստիարակության և առողջ ապրելակերպի ամբիոնի կողմից կազմակերպված ֆորումին։
Սպորտային ոլորտի ավելի քան 170 ներկայացուցիչներ դեկտեմրերի 4–ին մասնակցել են Ռուս-հայկական համալսարանի ֆիզիկական դաստիարակության և առողջ ապրելակերպի ամբիոնի կողմից կազմակերպված «Ժամանակակից ֆիթնեսի մարտահրավերներն ու հնարավորությունները» ֆորումին։ Միջոցառումը միավորել էր առաջատար մարզիչներին, փորձագետներին, ոլորտային կազմակերպությունների և պետական կառույցների ներկայացուցիչների:
Հյուրերին և մասնակիցներին ողջույնի խոսք հղեց ՌՀՀ ռեկտոր, պրոֆեսոր Էդվարդ Սանդոյանը։ Նա ընդգծեց, որ սպորտային ենթակառուցվածքների զարգացումը և ուսանողների շրջանում առողջ ապրելակերպի խթանումը շարունակում են մնալ համալսարանի առաջնահերթություններից մեկը։ Ռեկտորը նաև ընդգծեց սպորտային կառույցների հետագա արդիականացման և ֆիզիկական դաստիարակության հանրայնացման նոր ծրագրերի իրականացման կարևորությունը։
ՌՀՀ ֆիզիկական դաստիարակության և առողջ ապրելակերպի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Արմեն Գրիգորյանը իր ելույթի ժամանակ շեշտեց մարզչական աշխատանքում համալիր մոտեցման կարևորությունը, որը պետք է համատեղի հոգեբանության, ֆիզիոլոգիայի և սպորտային սննդի ոլորտներում ունեցած գիտելիքները։ Նա ընդգծեց, որ ֆորումի նպատակն է բարձրացնել մասնագետների մասնագիտական կարողությունները և քննարկել ֆիթնես ոլորտի զարգացման արդի միտումները։
Մասնակիցներին ողջունեց նաև ՀՀ ԿԳՄՍՆ սպորտային քաղաքականության վարչության քաղաքականության մշակման և վերլուծության բաժնի պետ Արթուր Սեդրակյանը։ Իր զեկույցում նա ներկայացրեց կառավարության կողմից ոլորտին ուղղվող աջակցության միջոցառումների մասին՝ նշելով, որ անցյալ տարի օրենսդրության մեջ ներառվել է ֆիթնես գործունեությունը կարգավորող առանձին հոդված, որը իրավական հիմք է ստեղծում ոլորտի կայուն և համակարգված զարգացման համար։
Ֆորումի շրջանակներում Հայաստանի խառը մարտարվեստի (MMA) ֆեդերացիայի ղեկավար Գարեգին Աղաբալյանը շնորհակալագրեր հանձնեց ՌՀՀ ռեկտոր Էդվարդ Սանդոյանին և ֆիզիկական դաստիարակության և առողջ ապրելակերպի ամբիոնի վարիչ Արմեն Գրիգորյանին, ամբիոնի դոցենտ Բարեխամ Մնացակյանին, ամբիոնի դոցենտ Լուսինե Ստեփանյանին՝ Ֆեդերացիայի հետ սերտ համագործակցության և մարզիչների ու հրահանգիչների մասնագիտական կարողությունների զարգացմանը նպաստելու համար։
Միջոցառմանը մասնակցել են պրոֆեսիոնալ մարզիչներ և ֆիթնես- ոլորտի մասնագետներ, ինչպես նաև այնպիսի առաջատար մարզական կենտրոնների և կազմակերպությունների ներկայացուցիչներ,ինչպիսիք են Gold's Gym, Byuregh Sport Complex, Orion Sports Club ակումբները, Բոդիբիլդինգի և ֆիթնեսի Հայաստանի ազգային ֆեդերացիան և այլ պրոֆեսիոնալ կազմակերպություններ։
Ֆորումի ընթացքում քննարկվել են Հայաստանում ֆիթնես-ոլորտի զարգացման առանցքային հարցերը՝ ոլորտի նորմատիվ-իրավական կարգավորումը, սպորտային բժշկության և նուտրիցիոլոգիայի ձեռքբերումների կիրառումը, ինչպես նաև մարզման գործընթացի արդյունավետության կենսաբանական և հոգեբանական հիմքերը։
Ելույթներով հանդես են եկել ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՌՀՀ պրոֆեսորադասախոսական կազմի և Երևանի պետական համալսարանի ներկայացուցիչները։
Ֆորումը մասնագիտական երկխոսության արդյունավետ հարթակ դարձավ մարզիչների, սպորտային բժշկության ոլորտի մասնագետների, մանկավարժների և բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրված են ֆիթնես արդյունաբերության զարգացմամբ և առողջ ապրելակերպի արժեքների առաջխաղացմամբամբ։
Նշենք, որ ֆորումի բոլոր մասնակիցներին շնորհվեցին մասնակցության վկայականներ։







