research
  • 13 Նոյ
  • 2023

ՀՌՀ ռեկտոր Էդվարդ Սանդոյանը հանդես եկավ «Արդի մանկավարժական գիտությունների հիմնախնդիրները և զարգացման հեռանկարները» խորագրով գիտաժողովին

    Գիտաժողովը տեղի ունեցավ Հայկական պետական մանկավարժական համալսարանում:

    Հայ-ռուսական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Էդվարդ Սանդոյանը և Հայաստանի մանկավարժահոգեբանական գիտությունների ակադեմիայի նախագահ, ՀՌՀ ռեկտորի գլխավոր խորհրդական, ակադեմիկոս Էդուարդ Ղազարյանը մասնակցեցին «Արդի մանկավարժական գիտությունների հիմնախնդիրները և զարգացման հեռանկարները» խորագրով երկօրյա միջազգային գիտաժողովին: Գիտաժողովը տեղի ունեցավ Հայկական պետական մանկավարժական համալսարանում նոյեմբերի 10-11:
     
    Հայաստանի մանկավարժահոգեբանական գիտությունների ակադեմիայի, ՀՊՄՀ-ի և Հայ-ռուսական համալսարանի համատեղ նախաձեռնությամբ կազմակերպված գիտական ձեռնարկը նվիրված էր ակադեմիայի հիմնադրման մեկամյակին։
     
    Մանկավարժական համալսարանում էին գիտակրթական ոլորտի առաջատար մասնագետներ՝ վերհանելու և քննարկելու հանրակրթության և բուհական մանկավարժության հիմնախնդիրները, զարգացման միտումները, մասնավոր մեթոդիկաների դասավանդման առանձնահատկությունները:
     
    ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գևորգյանը շնորհավորեց ակադեմիայի հիմնադիր կառույցներին և մաղթեց արդյունավետ աշխատանք։ Ռեկտորն այն կարծիքին է, որ ձեռնարկն անդրադառնում է կրթության ճգնաժամով պայմանավորված ներկայիս մարտահրավերներին և մտահոգություններին։ Նա հույս հայտնեց, որ զեկույցներում կգտնվեն պատճառներ, կհնչեն պատասխաններ, թե ինչու՝ մանկության սուբյեկտը և ուսուցիչն այսքան հեռացան միմյանցից։
     
    Խոսելով ուսուցիչների վերապատրաստումների ընթացքից՝ ռեկտորը նկատեց՝ հետազոտությունները ցույց են տալիս, որ ուսուցիչը ոչ թե ուզում է ավելացնել գիտելիքները, այլ ունի սոցիալական վախեր․ այս իրողությունը նորություն չէ ոչ Հայաստանի, ոչ արտասահմանի համար։
     
    Հայ-ռուսական համալսարանի ռեկտոր Էդվարդ Սանդոյանը շնորհավորեց գիտական կառույցի հիմնադրման մեկամյակի առթիվ և ափսոսանքով նկատեց, որ նախորդ և ներկայիս սերունդների միջև երկխոսությունը բացակայում է։
     
    Պրոֆեսորն իր թոռնիկի օրինակով ներկայացրեց, որ ժամանակ առ ժամանակ նկատում է ուսումնական գործընթացի հանդեպ հետաքրքրության բացակայություն։ Նա խոսեց նաև փոքր երկրներում տնտեսագիտական հետազոտությունների մասին և ընդգծեց՝ այն երկրներում, որտեղ ֆինանսական քիչ ռեսուրսներ են ներդրվում կրթության, գիտության և մշակույթի բնագավառներում, կա ցածր կենսամակարդակ․ «Կրթության և կենսամակարդակի միջև ուղիղ կապ կա։ Ցավոք մեզանում այդ ոլորտները երեք տասնամյակ և ավելի դիտարկվել են մնացորդային»։
     
    Էդվարդ Սանդոյանն անդրադարձավ տարբեր երկրներում ուսուցչի բարձր դիրքին և դիմելով ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գևորգյանին՝ հավելեց․ «Պետք է հասնենք նրան, որ Ձեր՝ ուսուցչական համայնքը լինի պահանջված, այլապես չենք ունենա զարգացած տնտեսություն և երկիր՝ կորցնելով նաև կրթության հազարամյա լավագույն ավանդույթներն ու ժառանգությունը», - նշեց պրոֆեսոր Սանդոյանն ու ներկաներին վստահեցրեց՝ հասարակության գերխնդիրը մանկավարժության հիմնահարցի մեջ է։
     
    «Ֆիզիկան և համաչափությունը» թեման գիտաժողովում ներկայացրեց ակադեմիկոս Էդուարդ Ղազարյանը։ Ինչպես նկատեց ռեկտոր Սրբուհի Գևորգյանը՝ պրպտող գիտնականն ու ուսուցիչն ամենօրյա ռեժիմով սովորեցնում է սովորել և սովորեցնել։ 
     
    Պրոֆեսորը պատմական ակնարկ կատարեց՝ ինչպե՞ս էին անցյալում պատկերացնում համաչափություն հասկացությունը, անդրադարձավ համաչափությանը՝ ֆիզիկայում, բնության մեջ, դրա դրսևորմանն արվեստում և այլն։
     
    Ակադեմիկոս Ղազարյանը նկատում է՝ «Համաչափությունը գեղեցկություն է, բնությունը՝ արվեստի մի մեծ թանգարան, բնության երևույթները՝ արվեստի նմուշներ։ Ֆիզիկան արվեստ է և չի կարող հնանալ, ինչպես չի հնանում արվեստը»։
     
    Գիտաժողովի աշխատանքները շարունակվեցին մասնախմբերում․ անդրադարձ կատարվեց ցանցային լրատվամիջոցների միջոցով նախադպրոցական տարիքի երեխաների մեդիագրագիտության զարգացմանը, ՀՀ-ում ավագ դպրոցի հիմնախնդրիներին և զարգացման հեռանկարներին, հանրակրթական դպրոցում կրթական միջավայրի անվտանգության ապահովման հիմնախնդրին, ավագ նախադպրոցական տարիքի երեխաների հաղորդակցական կարողությունների զարգացման մանկավարժական արդյունավետ ուղիներին։
     
    Գիտաժողովի մասնակիցներն իրենց զեկույցներում անդրադարձան նաև բարձրագույն կրթության ոլորտում կրթական տեխնոլոգիաների հիմնախնդիրներին և զարգացման միտումներին, Ֆիզիկայի խնդիրների վերլուծության դերին և մեթոդիկաներին և այլն։