- 15 Ապր
- 2026
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ներկայացուցիչները տեղեկատվական հանդիպեցին ՌՀՀ ուսանողների հետ
Տեղեկատվական հանդիպումը նվիրված էր երիտասարդների համար ժամանակակից կրթական և տեխնոլոգիական հնարավորություններին։
Ռուս-հայկական համալսարանում ապրիլի 14-ին կայացել է տեղեկատվական հանդիպում ուսանողների և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ներկայացուցիչների միջև, որը նվիրված էր երիտասարդների համար ժամանակակից կրթական և տեխնոլոգիական հնարավորություններին։
Միջոցառման հյուրերին և մասնակիցներին ողջունել են ՌՀՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Մարինա Խաչատրյանը և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության էկոհամակարգերի զարգացման վարչության պետ Հայկ Ենգիբարյանը։ Վերջինս ընդգծել է բուհերի հետ համագործակցության և ուսանողների ներգրավման կարևորությունը տեխնոլոգիական նախաձեռնություններում՝ նշելով, որ հենց երիտասարդությունն է դառնում ապագա փոփոխությունների շարժիչ ուժը։
«Մենք իրականացնում ենք նախաձեռնություններ, որոնք ուղղված են տեխնոլոգիական միջավայրի զարգացմանն ու նոր սերնդի մասնագետների պատրաստմանը։ Մեզ համար կարևոր է ուսանողների ակտիվ մասնակցությունը, քանի որ հենց նրանք են դառնում ապագա փոփոխությունների շարժիչ ուժը»,- ընդգծել է Ենգիբարյանը։
Նրա խոսքով՝ ներկայումս նախարարությունը մշակում է բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման հնգամյա ռազմավարություն, որի շրջանակում որպես առաջնահերթ 6 ուղղություններ սահմանվել են արհեստական բանականությունը (AI), տվյալագիտությունը և մեքենայական ուսուցումը, ծրագրային ապահովման մշակումը, կենսաճարտարագիտությունը և բժշկական տեխնոլոգիաները, առաջադեմ ճարտարագիտական լուծումները, կայուն տեխնոլոգիաները:
Հանդիպման ծրագիրը ներառել է մի շարք ելույթներ և շնորհանդեսներ, որոնց շրջանակում ներկայացվել են նաև նախարարության հիմնական ծրագրերը։ Մասնակիցները ծանոթացել են «Մասսայական ուսուցում» և «Ուսանողական հաքաթոն» ծրագրերին, «Գաղափարից դեպի բիզնես» դրամաշնորհային ծրագրին, Plug and Play միջազգային աքսելերացիոն ծրագրին, ինչպես նաև «Արհեստական բանականության վիրտուալ ինստիտուտ» նախագծին։
ՌՀՀ մաթեմատիկայի, ֆիզիկայի և բարձր տեխնոլոգիաների ինստիտուտի տնօրեն Ահարոն Ահարոնյանը նշել է նման հանդիպումների կարևորությունն ուսանողների մոտ ժամանակակից տեխնոլոգիական մտածողության ձևավորման և ոլորտի զարգացման արդի միտումների ընկալման համար։ Նրա խոսքով՝ ոլորտային պետական կառույցների ներկայացուցիչների հետ փոխգործակցությունն ուսանողներին հնարավորություն է տալիս ոչ միայն ընդլայնել իրենց աշխարհայացքը, այլև տեսնել մասնագիտական աճի և նշանակալի նախագծերին մասնակցելու իրական հնարավորությունները։
Նշենք, որ ուսանողները մասնակցել են թեմատիկ խաղերի, դիտել տեսանյութեր և բաց քննարկման շրջանակում տվել իրենց հետաքրքրող հարցերը։







