- 26 Մայ
- 2026
ՌՀՀ-ն և ՌԳԱ ՉԺԱԻ-ն պատրաստել են համատեղ զեկույց ռուս-հայկական երկկողմ հարաբերությունների մասին
Զեկույցը նվիրված է ռուս-հայկական հարաբերությունների ներկա վիճակի, դրանց հիմնական ուղղությունների, համագործակցության կուտակված փորձի և հետագա զարգացման հեռանկարների համակողմանի վերլուծությանը։
Ռուս-հայկական համալսարանը և Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Չինաստանի և ժամանակակից Ասիայի ինստիտուտը պատրաստել են «Ռուս-հայկական երկխոսություն․ 2025 թվականին երկկողմ հարաբերություններ» համատեղ զեկույցը։
Զեկույցը նվիրված է ռուս-հայկական հարաբերությունների ներկա վիճակի, դրանց հիմնական ուղղությունների, համագործակցության կուտակված փորձի և հետագա զարգացման հեռանկարների համակողմանի վերլուծությանը։ Հեղինակների ուշադրության կենտրոնում երկկողմ կապերի քաղաքական, տնտեսական, հումանիտար, կրթական և տարածաշրջանային բաղադրիչներն են, ինչպես նաև ռուս-հայկական երկխոսության դերը Հարավային Կովկասում ընթացող ավելի լայն գործընթացների համակարգում։
«Այսօր ռուս-հայկական հարաբերություններն անցնում են բարդ, բայց միևնույն ժամանակ չափազանց կարևոր վերաիմաստավորման փուլ։ Հենց նման ժամանակահատվածներում հատկապես պահանջված են լուրջ փորձագիտական աշխատանքները, որոնք կարող են տարանջատել ժամանակավոր քաղաքական իրադրությունը երկու երկրների երկարաժամկետ շահերից։ Այս զեկույցի արժեքը ռուս-հայկական համագործակցության ապագայի, կուտակված համագործակցային ներուժի պահպանման և արագ փոփոխվող տարածաշրջանային իրականության պայմաններում նոր հենման կետերի որոնման շուրջ հանգիստ, մասնագիտական և կառուցողական քննարկում ծավալելու ձգտման մեջ է», — նշել է հետազոտության համահեղինակներից մեկը՝ ՌՀՀ պրոֆեսոր Վահե Դավթյանը։
Զեկույցի պատրաստմանը մասնակցել են ինչպես ռուս, այնպես էլ հայ հետազոտողներ։ Ռուսական կողմի հեղինակներն են՝ փ.գ. դ. Կ.Վ. Բաբաևը, ք.գ.թ. Ե.Մ. Գորյուշինան, ք.գ.դ. Վ.Ս. Դավթյանը, տ.գ.դ. Ի.Ա. Ֆիլկևիչը, ք.գ.թ. Դ.Ս. Այվազյանը։ Հայկական կողմից աշխատանքին մասնակցել են փ.գ.դ. Պ.Ս. Ավետիսյանը, տ.գ.թ. Ն.Մ. Գևորգյանը, բ.գ.թ. Մ.Վ. Ալեքյանը, ք.գ.թ. Մ.Գ. Ավանեսյանը, տ.գ.թ. Ի.Բ. Պետրոսյանը։ Պատասխանատու խմբագիրն է ք.գ.թ. Ե.Մ. Գորյուշինան։ Հրատարակության գրախոսներն են պ.գ.դ. Ա.Բ. Կռիլովը և տ.գ.դ., պրոֆեսոր Ա.Ա. Միհրանյանը։







