research
  • 17 Փետ
  • 2022

ՀՌՀ-ում տեղի է ունեցել կենսաբանական երկրորդ կոլոքվիումը

    Հանդիպումը կայացել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից կազմակերպված կոլոքվիումների շարքի շրջանակներում։

    Հայ-Ռուսական համալսարանում տեղի է ունեցել ՀՌՀ-ի Կենսաբժշկության և դեղագործության ինստիտուտի Բժշկական կենսաքիմիայի և կենսատեխնոլոգիայի ամբիոնի վարիչ, վերլուծական կենսաքիմիայի և կենսատեխնոլոգիայի լաբորատորիայի վարիչ, կենսաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Աշխեն Հովհաննիսյանի «Նանոբժշկություն` մարտահրավերներ և հնարավորություններ» թեմայով կենսաբանական երկրորդ կոլոքվիումը: 

    «Տարբեր թեմաներով կոլոքվիումների անցկացումը նպատակ ունի խթանել տարբեր գիտական կենտրոններում աշխատող նույն ոլորտի մասնագետների միջև համագործակցությունը, ոլորտում առկա խնդիրների քննարկումը, ինչպես նաև երիտասարդ կադրերի ներգրավումը՝ ուսանողներին ու ասպիրանտներին հանդիպումներին մասնակից դարձնելու միջոցով»,- նշել է Գիտության կոմիտեի ներկայացուցիչ Միքայել Խանբեկյանը:

    Իր զեկույցում Աշխեն Հովհաննիսյանը շեշտել է, որ նանոտեխնոլոգիան հիմնարար և կիրառական գիտությունների ու տեխնոլոգիաների ոլորտ է, որը զբաղվում է հիմնավորումների տեսական, հետազոտական, վերլուծական և գործնական մեթոդներով: 

    «Վերջին տասնամյակում շատ հետազոտողներ ակտիվորեն իրականացնում են  տարբեր նանոմասնիկների (ՆՄ) սինթեզ: Նանոտեխնոլոգիաները վերջին մի քանի տարիների ընթացքում հիվանդությունների թերապիայում գրանցում են լուրջ հաջողություններ, որի արդյունքում օգտագործվում է ՆՄ-երի հսկայական ներուժը պաթոգեն օջախի պատկերավորման, ախտորոշման, բուժման մեթոդների մշակման և բարելավման համար: Մեր կողմից նախագծվող մագնիսական դաշտով կառավարվող «միջուկ-թաղանթ» տիպի կենսահամատեղելի ՆՄ-ները, կկիրառվեն մագնիսական հիպերտերմիայում, քիմիաթերապիայում, մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի (ՄՌՏ) պատկերավորման մեջ, որպես դեղերի առաքման համակարգի կրիչներ և թերանոստիկ գործիքներ»,- ասել է նա:

    Նշենք, որ կենսաբանական թեմայով առաջին կոլոքվիումը կայացել է ԳԱԱ Լևոն Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտում, իսկ հաջորդը տեղի կունենա ԵՊՀ-ում: