- 13 Հոկ
- 2022
ՀՌՀ-ի թիմը՝ հեղինակավոր միջազգային մարդասիրական իրավունքի մրցույթի մրցանակակիր
Մրցույթի առկա փուլին մասնակցել են նաև Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Ղրղզստանի, Ուզբեկստանի, Ղազախստանի և Թուրքմենստանի թիմերը։
Հայ-Ռուսական համալսարանի մագիստրոս-իրավաբանների թիմը զբաղեցրել է 2-րդ տեղը հոկտեմբերի 3-6-ը Մոսկվայում կայացած Ֆ․Ֆ․ Մարտենսի անվան միջազգային մարդասիրական իրավունքի միջազգային մրցույթում, որը կազմակերպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն։
ՀՌՀ-ի Իրավունքի և քաղաքականության ինստիտուտի տնօրեն Մարիաննա Քալաշյանի հավաստմամբ՝ մրցույթի մասնակիցներ Սոֆիա Հարությունյանը, Միշա Արշակյանը և Աննա Խալաթյանը համալսարանի լավագույն ուսանողներից են թե առաջադիմության, թե համալսարանի գիտական և հասարակական կյանքում մասնակցության առումներով։
Ֆ․ Ֆ․ Մարտենսի անվան միջազգային մարդասիրական իրավունքի միջազգային մրցույթին մասնակցած Սոֆիա Հարությունյանի խոսքով՝ իրենք մրցույթի մասնակիցներին ներկայացրել են վերջին երկու տարիներին բոլորիս հայտնի իրադարձությունների ընթացքում ղարաբաղյան հակամարտության գոտում և Հայաստանի Հանրապետության տարածքում հումանիտար մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումները։
«Հպարտ եմ ցուցադրած արդյունքով, քանի որ բազմաթիվ թիմերի հետ մրցակցությունում հենց ՀՌՀ-ի ուսանողներին հաջողվեց ցուցադրել գիտելիքների լուրջ մակարդակ»,- նշել է նա։
Մրցույթի ընթացքում ուսանողները հմտություններ են ձեռք բերում կիրառելու միջազգային մարդասիրական իրավունքն իրականությանը մոտ խաղարկված իրավիճակներում: Լավագույն թիմը որոշվում է ժյուրիի կողմից՝ հաշվի առնելով տվյալ թիմի միջազգային մարդասիրական իրավունքի իմացությունը և կարողությունը սեփական փաստարկները հիմնավորելու և իրավիճակին արձագանքելու տեսանկյուններից։
Սոֆիայի համակուրսեցի Միքայել Արշակյանն ընդգծել է, որ եզրափակիչ դուրս գալու փաստը խոսում է այն մասին, որ մրցույթի հեռակա և առկա փուլերում ՀՌՀ-ի թիմը գերազանցել է 50 թիմերի ԱՊՀ-ից։
Իր հերթին՝ ՀՌՀ-ի թիմի ներկայացուցիչ Աննա Խալաթյանն ասել է հետևյալը. «Մենք մեր առջև դրել ենք երկարաժամկետ և հասարակական կարևորության նպատակներ։ Քանի որ Հայաստանը գտնվում է պատմականորեն անկայուն, կոնֆլիկտագեն տարածաշրջանում, միջազգային մարդասիրական իրավունքի բնագավառում գիտելիքների խորացումը ռազմավարական նշանակություն ունի: Մենք շարունակելու ենք շարժվել դրված նպատակի ուղղությամբ, խորացնելու ենք մեր գիտելիքները՝ ի նպաստ մեր հայրենիքի դրանք ճիշտ կիրառելու համար»։
Վերոնշյալ մրցույթի առկա փուլին մասնակցել են նաև Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Ղրղզստանի, Ուզբեկստանի, Ղազախստանի և Թուրքմենստանի թիմերը։
Նշենք, որ մրցույթին մասնակցած մեր ուսանողները Հայ-Ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանի որոշմամբ կստանան դրամական պարգևներ՝ իրենց գրանցած արդյունքի համար։