- 25 Նոյ
- 2026
ՌՀՀ-ում քննարկեցին արհեստական բանականության իմացաբանական, էթիկական, իրավական և մարդաբանական մարտահրավերները
Քննարկման կենտրոնում էին արհեստական բանականության ազդեցության արդի հիմնահարցերը՝ կապված ժամանակակից հասարակության, մարդկային ճանաչողության, բարոյականության, իրավունքի և անձի հետ։
«Արհեստական բանականություն․ արդի ժամանակաշրջանի իմացաբանական, էթիկական, իրավական և մարդաբանական մարտահրավերները» խորագրով կլոր սեղան-քննարկումը տեղի ունեցավ Ռուս-Հայկական համալսարանում նոյեմբերի 20-ին։
Քննարկման կենտրոնում էին արհեստական բանականության ազդեցության արդի հիմնահարցերը՝ կապված ժամանակակից հասարակության, մարդկային ճանաչողության, բարոյականության, իրավունքի և անձի հետ։
Քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց այն հարցերին, թե արդյոք արհեստական բանականությունը կարող է համարվել ճանաչողության ինքնուրույն սուբյեկտ, ինչպես է այն ազդում քննադատական մտածողության զարգացման և մարդու ինքնուրույն մտածելու կարողության վրա, ինչպես նաև ով է կրում բարոյական պատասխանատվություն արհեստական բանականության միջոցով կայացված որոշումների համար։
Մասնակիցներն առանձնահատուկ ուշադրություն դարձրին արհեստական բանականության կիրառմամբ ստեղծված ստեղծագործությունների հեղինակային իրավունքի խնդիրներին, ինչպես նաև քաղաքականության, կրթության և դատական համակարգում արհեստական բանականության կիրառման պետական կարգավորման անհրաժեշտությանը։
Քննարկման առանձին ուղղություն դարձավ նոր տեխնոլոգիաների ազդեցության փիլիսոփայական իմաստավորումը՝ մարդկային ինքնության, ինքնագիտակցության, կամքի ազատության և մարդու եզակիության մասին պատկերացումների համատեքստում։
Միջոցառումը կազմակերպվել էր Միջազգային հարաբերությունների և հասարակաքաղաքական գիտությունների ինստիտուտի փիլիսոփայության ամբիոնի կողմից և անցկացվել հիբրիդային ձևաչափով։







