research
  • 17 Հոկ
  • 2024

ՀՌՀ ուսանողներն ու դասախոսները մասնակցեցին Հայաստանի կիբեռանվտանգության մասին օրենքի նախագծի քննարկմանը

    Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը բարձր է գնահատել ինչպես ՀՌՀ դասախոսների, այնպես էլ ուսանողների կողմից ներկայացված բոլոր առաջարկները:

    Հոկտեմբերի 16-ին Հայ-Ռուսական համալսարանի ուսանողներն ու դասախոսները մասնակցեցին Հայաստանի Հանրապետության կիբեռանվտանգության մասին օրենքի նախագծի քննարկմանը: Քննարկմանը մասնակցում էին նաև ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը, նախարարության օրենսդրական բաժնի պետ Արտյոմ Մեսրոպյանը և թվայնացման վարչության պետ Արշակ Քերոբյանը:
     
    Քննարկումը հագեցած էր և համակողմանի՝ ընդգրկելով Հայաստանի թվային տարածքի պաշտպանությանն առնչվող բազմաթիվ առանցքային հարցեր: ՀՌՀ քաղաքացիական իրավունքի և քաղաքացիական դատավարության իրավունքի ամբիոնի դասախոս, իրավաբանական գիտությունների թեկնածու Հովսեփ Քոչարյանը ներկայացրեց նախագծի վերաբերյալ իր մասնագիտական դիտողություններն ու առաջարկությունները: Դրան զուգահեռ ակտիվ մասնակցություն ունեցան համալսարանի իրավաբան ուսանողները, որոնցից յուրաքանչյուրն իր ներդրումն ունեցավ քննարկմանը:
     
    Նախագծի մասին առաջարկ ներկայացրեցին ՀՌՀ հայցորդ Սվետլանա Չախմախչյանը, ուսանողներ Ալեքս Մկրտչյանը, Անի Ջրաղացպանյանը, Ջուլիետա Վարդանյանը, Զարուհի Թամազյանը  և մագիստրանտներ Աշոտ Չոկեկչյանը, Իրինա Ղևոնդյանը, Մանե Սարգսյանը: Ուսանողների աշխատանքներն իրականացվել են քաղաքացիական իրավունքի և քաղաքացիական դատավարության իրավունքի ամբիոնի դասախոս Շուշաննա Ալեքսանյանի համակարգմամբ:
     
    Հումբոլդտի համալսարանի ուսանողները, ովքեր մասնակցել են Network East-West 2024 ծրագրին, նույնպես պատրաստել էին նախագծի վերաբերյալ իրենց գրավոր դիտողությունները՝ դրանով իսկ ցույց տալով իրավական ոլորտում միջազգային փորձի փոխանակման կարևորությունը:
     
    Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը բարձր է գնահատել ինչպես ՀՌՀ դասախոսների, այնպես էլ ուսանողների կողմից ներկայացված բոլոր առաջարկները: Քննարկման ընթացքում հնչեցին կարևոր առաջարկություններ, որոնք բարձր գնահատականի արժանացան և հաշվի կառնվեն նախագծի հետագա կատարելագործման համար: Այս միջոցառումը ցույց տվեց ապագա իրավաբանների վերապատրաստման բարձր մակարդակը և պետական գործընթացներում նրանց ներդրման արդիականության դերը: