- 02 Ապր
- 2026
ՌՀՀ-ում դպրոցականների համար անցկացվել է թվային անվտանգության վերաբերյալ դասախոսություն
«Ոչ մանկական խաղեր. Ակամա դրոպ» խորագրով դասախոսությունը վարել է պրոֆեսոր Մարիամ Ոսկանյանը
Հեռախոսազանգ «բանկից», կասկածելի հղում կամ հաղորդագրություն՝ շտապ կոդ հայտնելու խնդրանքով․ հենց նման իրավիճակներից են սկսվում խարդախությունների մեծ մասը։ Թե ինչպես ճանաչել խաբեությունը և «ակամա դրոպ» չդառնալ, հայ դպրոցականները իմացան Ռուս-hայկական համալսարանում անցկացված դասախոսության ընթացքում։
Ռուս-hայկական համալսարանում ապրիլի 2-ին անցկացվել է կրթական դասախոսություն՝ նվիրված թվային անվտանգության և խարդախության դեմ պայքարի հարցերին։ Մասնակիցները ծանոթացել են, թե ինչ է ֆիշինգը, ինչպես են գործում չարագործները և խաբեության ինչ սխեմաներ են առավել հաճախ ուղղված երիտասարդների դեմ։«Ոչ մանկական խաղեր. Ակամա դրոպ» խորագրով դասախոսությունը վարել է պրոֆեսոր Մարիամ Ոսկանյանը՝ համալսարանի տնտեսագիտության և ֆինանսների ամբիոնի վարիչը։ Հանդիպման ընթացքում դպրոցականներին ներկայացվել են ամենատարածված խարդախության սցենարները, որոնց նրանք կարող են հանդիպել առօրյա կյանքում, հատկապես՝ թվային միջավայրում։
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել անվտանգության գործնական կանոններին։ Մասնակիցներին հիշեցվել է, որ երբեք չի կարելի երրորդ անձանց փոխանցել գաղտնաբառեր և SMS-ով ստացվող կոդեր, անհրաժեշտ է ուշադիր ստուգել կայքերի իսկությունը՝ մինչև բանկային քարտի տվյալներ մուտքագրելը, իսկ կասկածի դեպքում՝ ավարտել խոսակցությունը և ինքնուրույն կապ հաստատել բանկի հետ՝ պաշտոնական հեռախոսահամարով։
Դասախոսության շրջանակում վերլուծվել են նաև իրական խարդախության սխեմաներ, որոնցում հաճախ ներգրավվում են երիտասարդները, այդ թվում՝ այսպես կոչված «դրոպ»-սխեմաները, երբ դեռահասներին օգտագործում են գումարների կանխիկացման կամ փոխանցման համար։
ՌՀՀ ռեկտորի աշխատակազմի խորհրդականը Իվան Ալեքսանդրովսկին նշել է. «ՌՀՀ-ի համար նման դասընթացների անցկացումը մեր կրթական ռազմավարության կարևոր բաղադրիչն է։ Համալսարանի առաջատար գիտնականների՝ մասնավորապես պրոֆեսոր Մարիամ Ոսկանյանի փորձը օգնում է դպրոցականներին տեխնոլոգիական գիտելիքները վերածել գիտակցված անվտանգության ռազմավարության։ Այսօր դա նրանց առօրյա վստահության հիմքն է, իսկ վաղը՝ հաջող կողմնորոշման գրավականը գլոբալ տնտեսական միջավայրում։ Սա համալսարանի ներդրումն է պատասխանատու և պաշտպանված սերնդի ձևավորման գործում»։
Նշենք, որ միջոցառումը կազմակերպվել է Երևանի Ռուսական տան միջնորդությամբ և հանդիսանում է կրթական նախաձեռնության մաս՝ ուղղված դպրոցականների ֆինանսական և թվային գրագիտության բարձրացմանը։







