research
  • 06 Փետ
  • 2025

Քննարկվեցին մանկավարժական գիտությունների արդիական հարցեր

    Հայաստանի հոգեբանամանկավարժական գիտությունների ակադեմիայի, Հայկական պետական մանկավարժական համալսարանի և Ռուս-հայկական համալսարանի նախաձեռնությամբ կայացավ «Արդի մանկավարժական գիտությունների հիմնախնդիրները և զարգացման հեռանկարները» խորագրով 2-րդ գիտաժողովը։

    Հայաստանի հոգեբանամանկավարժական գիտությունների ակադեմիայի, Հայկական պետական մանկավարժական համալսարանի և Ռուս-հայկական (սլավոնական) համալսարանի նախաձեռնությամբ կայացավ «Արդի մանկավարժական գիտությունների հիմնախնդիրները և զարգացման հեռանկարները» խորագրով 2-րդ գիտաժողովը։
     
    Գիտական ձեռնարկի նպատակն էր վերհանել հանրակրթության, բուհական մանկավաժության հիմնախնդիրներն ու զարգացման միտումները, մասնավոր մեթոդիկաների դասավանդման առանձահատկությունները։
     
    ՀՊՄՀ ռեկտոր Սրբուհի Գևորգյանը նկատեց, որ գիտաժողովն այս անգամ նվիրված է բնագիտական ոլորտին․ակադեմիան առանձնացրել է կրթության, ուսուցման, մեթոդաբանության հիմնախնդիրների հետ կապված կարևորագույն հարցեր, որոնք առնչվում են մեր երկրի կրթական համակարգի, մասնավորապես՝ հանրակրթության ոլորտի առջև ծառացած հիմնախնդիրներին։
     
    Նա հույս հայտնեց, որ զեկույցներում անդրադարձ կլինեն հանրակրթության պետական չափորոշչի և առարկայական ծրագրերի բովանադակության, դպրոց-բուհ և կրթության ոլորտում առկա ռազմավարական խնդիրների հոմոգենությանը, միջգիտակարգայնությանն ու դրանց հետազոտությունների փոխներգործմանն ու մեթոդաբանությանը, որոնց վերաբերյալ կան բազմաթիվ խնդրահարույց իրավիճակներ։
     
    ՌՀՀ ռեկտոր Էդվարդ Սանդոյանը նկատում է՝ աշխարհում տեղի են ունենում լուրջ փոփոխություններ, որոնք պայմանավորված են տեխնոլոգիական հեղափոխությամբ։ Նրա դիտարկմամբ, եթե մեր վերաբերմունքը չփոխվի մանկավարժության, մասնավորապես՝ բնագիտությանը վերաբերող մանկավարժության նկատմամբ, մեր երկիրն այդ զարգացումներից հետ կմնա ոչ թե մի քանի, այլ մի քանի հարյուր տասնամյակով։ Ուսումնասիրություններն են փաստում՝ շատ քիչ են այն երիտասարդները, որոնք պատրաստ են ընտրել բնագիտությունը ներկայացնող մանկավարժական մասնագիտություններ․դպրոցներում աշխատելն այսօր շահեկան չէ։
     
    Էդվարդ Սանդոյանը դրանում լուրջ վտանգ է տեսնում․ եթե դպրոցներում չկարողանանք կրթությունն իրականացնել ժամանակակից տեխնոլոգիաններով, նորագույն մեթոդներով, գիտելիքներով` ապագայում խնդիրներից խուսափել հնարավոր չի լինի։ Վստահեցնում է՝ բոլորիս գերնպատակը պետք է լինի կանգ առնել և ռեսուրսներն ուղղել դեպի դպրոցը, մանկավարժությունն ու կրթությունը՝ բնագիտության ոլորտին՝ հատկապես։
     
    Հայաստանի հոգեբանամանկավարժական գիտությունների ակադեմիայի նախագահ Էդուարդ Ղազարյանը, սակայն, գիտաժողովի օրինակով է փաստում՝ բնական գիտությունների նկատմամբ հետաքրքրությունը երիտասարդների շրջանում մեծանում է․ աշխատանքներն այս ուղղությամբ պետք է շարունակել։ Բանախոսը նկատում է՝ ի տարբերություն անցյալի, այսօր դասավանդող ուսուցիչը սեփական ճանապարհն է անցնում, այնինչ դասավանդման վերաբերյալ պետք է լինի համակարգված մոտեցում։
     
    ԳԱԱ ակադեմիկոսն իր խոսքում կարևորեց բուհական մանկավարժությունը, որը տարեցտարի երկրորդ պլան է մղվում։ Նա դա պայմանավորեց 21-րդ դարում բարձր տեխնոլոգիաների զարգացմամբ և մի շարք նոր ուղղությունների ի հայտ գալով, որոնք յուրացնելու համար կարևորեց պինդ մարմնի քվանտային տեսությունն ու ներկայացրեց դրա մեթոդներն ու բովանդակությունը։
     
    Լիագումար նիստում զեկույցներ ներկայացվեցին նաև քիմիա դասավանդելիս սովորողների գիտական մտածողության, ինչպես նաև աշակերտների տրամաբանական և ասոցիատիվ մտածողության զարգացման վերաբերյալ։
     
    Աշխատանքները շարունակվեցին Մասնավոր մեթոդիկաների դասավանդման առանձնահատկությունները՝ ֆիզիկա, մաթեմատիկա, քիմիա, կենսաբանություն, աշխարհագրություն մասնախմբերում ներկայացված զեկույցներով։ Մեր երկրի գիտակրթական տարբեր կառույցների ներկայացուցիչներ ներկայացրին իրենց հետազոտական աշխատանքներն ու ուսումնասիրությունները՝ վերհանելով ոլորտային մի շարք հիմնախնդիրներ։
     
    Աղբյուր` aspu.am