research
  • 05 Հոկ
  • 2026

ՌՀՀ քաղաքագիտության ամբիոնի աշխատակիցները հանդես եկան միջազգային գիտաժողովում ԵՊՀ-ում

    Գիտաժողովը համախմբեց փիլիսոփաների, պատմաբանների, մարդաբանների, հնագետների և այլ մասնագետների:

    Ռուս-Հայկական համալսարանի Կ. Միրումյանի անվան քաղաքագիտության ամբիոնի վարիչ, փ.գ.թ. Հովհաննես Սարգսյանը և փիլիսոփայության ամբիոնի դոցենտ, փ.գ.թ. Մարինա Քալաշյանը մասնակցեցին «Վիճարկվող անցյալներ, անորոշ ապագա(ներ). ժառանգություն, հիշողություն և պատմություն» խորագրով միջազգային գիտաժողովին, որը սեպտեմբերի 24–26-ը տեղի ունեցավ Երևանի պետական համալսարանում՝ Պատմության փիլիսոփայության և տեսության լաբորատորիայի նախաձեռնությամբ։

    Գիտաժողովը համախմբեց փիլիսոփաների, պատմաբանների, մարդաբանների, հնագետների, ինչպես նաև ժառանգության և հիշողության հիմնախնդիրներով զբաղվող հետազոտողների՝ քննարկելու, թե ինչպես է անցյալը մեկնաբանվում, պահպանվում և վիճարկվում տարբեր գիտակարգերում ու հասարակություններում։

    Հովհաննես Սարգսյանն իր՝ «Հիշողության քաղաքականությունը ազգակերտման գործընթացների համատեքստում (Հարավային Կովկասի պետությունների օրինակով)» զեկույցում, որը ներկայացրեց «Պատմություն, հիշողություն և քաղաքական կարգ» խորագրով սեկցիայում, անդրադարձավ ինտենսիվ հասարակական-քաղաքական փոփոխությունների և աշխարհակարգի վերափոխման գործընթացներին՝ ընդգծելով, որ դրանք խթանում են ազգային ինքնության փոխակերպման գործընթացները, որոնք հաճախ նպատակաուղղված ազգակերտման քաղաքականության արդյունք են։ Ազգակերտման քաղաքականության կարևոր բաղադրիչներից մեկը հիշողության քաղաքականությունն է։ Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ազգակերտման գործընթացների համեմատական վերլուծության միջոցով նա առանձնացրեց Հարավային Կովկասում հիշողության քաղաքականության վրա ազդող հիմնական գործոնները։

    «Պատմական գիտելիք և իմացաբանական կոնֆլիկտներ» սեկցիայում Մարինա Քալաշյանն իր՝ «Իմացաբանական վստահությունը և կրթական հեղինակությունը. վիճարկվող էթիկական տիրույթ» զեկույցում անդրադարձավ ժամանակակից կրթության մեջ իմացաբանական հեղինակության լեգիտիմության խնդրին։ Պահպանելով իր անհրաժեշտությունը՝ այդ հեղինակությունն այլևս չի կարող լեգիտիմ համարվել բացառապես ինստիտուցիոնալ կարգավիճակի ուժով։ Զեկույցում առաջարկվեց վերաիմաստավորել դրա հետ կապված էթիկական պատասխանատվությունը՝ այն գիտելիքի փոխանցումից տարածելով նաև գիտելիքի ընտրության, ներկայացման և վիճարկման պայմանների, ինչպես նաև դասախոս–ուսանող հարաբերությունների վրա։ Այս մոտեցմամբ իմացաբանական վստահությունը հանդես է գալիս ոչ թե որպես կրթական հեղինակության նախադրյալ, այլ որպես դրա էթիկապես պատասխանատու իրականացման արդյունք։

    Նշված զեկույցները պատրաստվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից ֆինանսավորվող «Հասարակական գիտությունների, հայագիտության և հումանիտար գիտությունների բնագավառներում հետազոտություններ» ծրագրի շրջանակներում (24SSAH-5F032 և 24SSAH-5E029)։