- 22 Ապր
- 2026
ՌՀՀ-ն մեկնարկել է պետական-մասնավոր գործընկերության ուղղությամբ վերապատրաստման ծրագիր
Դասընթացը միտված է պետական-մասնավոր գործընկերության ոլորտում մասնագիտական գիտելիքների խորացմանը:
Ռուս-հայկական համալսարանի տնտեսագիտության և ֆինանսների ամբիոնը մեկնարկել է վերապատրաստման ծրագիր՝ պետական-մասնավոր գործընկերության ուղղությամբ։ Կրթական ծրագիրը իրականացվում է Սանկտ Պետերբուրգի Պետրոս Մեծի անվան պոլիտեխնիկական համալսարանի Բարձրագույն ինժեներատնտեսագիտական դպրոցի հետ համագործակցության շրջանակում։
Ծրագրի ունկնդիրներ են ՍՊբՊՀ Բարձրագույն ինժեներատնտեսագիտական դպրոցի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները։ Դասընթացը միտված է պետական-մասնավոր գործընկերության ոլորտում մասնագիտական գիտելիքների խորացմանը, ինչպես նաև գործնական հմտությունների զարգացմանը, որոնք անհրաժեշտ են պետության և բիզնեսի միջև համատեղ նախագծերի իրականացման համար։
Ծրագրի դասախոսներն են պետական-մասնավոր գործընկերության ոլորտում սերտիֆիկացված մասնագետներ, տնտեսագիտության և ֆինանսների ամբիոնի ավագ դասախոսներ՝ Իվետա Ստեփանյանը և Ռամելա Սիմոնյանը։ Դասընթացի ընթացքում մասնակիցները ծանոթանում են ՊՄԳ զարգացման ժամանակակից մոտեցումներին, ուսումնասիրում են միջազգային փորձը և վերլուծում հաջողված նախագծերի օրինակներ։
Ծրագիրը նախատեսված է ութ շաբաթվա համար։ Դրա ավարտին ունկնդիրները կստանան Ռուս-հայկական համալսարանի պետական նմուշի դիպլոմներ։







